DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։ Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է ապրանքի փաթեթավորման վրա, իսկ վաճառակետերի աշխատակիցները դրոշմավորված ապրանքը վաճառելիս պարտավոր են սկանավորել այն։
«Խթանելով հարկային կամավոր կարգապահությունը՝ ՊԵԿ աշխատակիցները վերջին ամիսներին օրենսդրական փոփոխությունների մասին իրազեկման միջոցառումներ են իրականացնում վաճառակետերում։ Այդ նպատակով ՊԵԿ աշխատակիցներն այցելել են 300-ից ավելի մթերային խանութներ, իսկ հեռախոսազանգերի միջոցով փոփոխությունների մասին իրազեկվել է շուրջ 800 տնտեսվարող։
Դրոշմավորված ապրանքը վաճառելու համար վաճառքի կետերը պետք է ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաներներով, որոնք պետք է ինտեգրված լինեն ՀԴՄ սարքերին։ 2D սկաների միջոցով սկանավորվում է DataMatrix ծածկագիրը, ինչի արդյունքում ապրանքը ՀԴՄ սարքի միջոցով դուրս է գալիս շրջանառությունից։ Ապրանքները խմբով (բլոկով) կամ հավաքածուով վաճառելու դեպքում անհրաժեշտ է սկանավորել խմբի կամ հավաքածուի հսկիչ (նույնականացման) նշանը, որի արդյունքում վաճառքից դուրս են բերվում դրան կցված ապրանքների ծածկագրերը։ Սկանավորված ծածկագիրը ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։ Եթե վաճառքի կետում ծածկագիրը չի սկանավորվում, այն համարվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, և պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։
Նոր հսկիչ (նույնականացման) նշաններով թվայնացվում է ապրանքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը՝ արտադրությունից մինչև վաճառք։ Այն թույլ է տալիս վերահսկողություն իրականացնել յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ՝ նպաստելով ստվերի կրճատմանը։
Ի դեպ, այն ապրանքները, որոնք հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա են, բայց դրանք ներմուծող կամ արտադրող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ակցիզային դրոշմանիշերով ապրանքներ, ապա այդ ապրանքները ևս ենթակա են վաճառքի։
Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն աստիճանաբար ընդլայնվելու է․ այժմ մի շարք ապրանքների մասով փորձնական ծրագրեր են ընթանում։ Բոլոր այն ապրանքները, որոնք ներկայումս դրոշմապիտակով են, աստիճանաբար անցնելու են հսկիչ (նույնականացման) նշանների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ կամավոր կարգապահության բարելավման շրջանակում՝ ՊԵԿ-ը շարունակելու է իրազեկման միջոցառումները։ Միաժամանակ, պետական մարմինը հորդորում է տնտեսվարողներին, որ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում