Հայաստանի տնտեսության հենասյունը հազարավոր կազմակերպություններն են, որոնք ստեղծում են ապրանքներ և մատուցում ծառայություններ՝ բավարարելով հազարավոր մարդկանց պահանջարկն ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում։
Կազմակերպություններն իրենց վարքագիծը դրսևորում են`ելնելով ներքին և արտաքին միջավայրի փոփոխություններից։
Այն պարագայում, երբ արտաքին փոփոխությունները հիմնականում կախված չեն մեզնից, ներքին փոփոխությունների հիմնական պատասխանատուն մենք ենք։ Մասնավորապես, պետությունը պետք է վարի այնպիսի քաղաքականություն, որը նպաստավոր և կայուն միջավայր կստեղծի տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների համար։ Սակայն, վերջին տարիներին վարվող հարկային կոշտ քաղաքականությունը կարծես շատ խնդիրներ է ստեղծում։
Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել ՎԿ կողմից հրապարակված վիճակագրությունը. Հայաստանում վնասով աշխատող ոչ ֆինանսական կազմակերպությունների մասնաբաժինը ընդհանուր կազմակերպությունների թվաքանակում 2023թ․ դրությամբ․
Վիճակագրությունը փաստում է, որ 2023թ․ 2022թ համեմատ Հայաստանում վնասով աշխատող կազմակերպությունների մասնաբաժինը ընդհանուր կազմակերպությունների թվաքանակում աճել է 3․7 տոկոսային կետով՝ կազմելով 19%:
Վնասով աշխատող կազմակերպությունները զգալի մասնաբաժին են կազմում տնտեսության հետևյալ ճյուղերում`
- ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 50%,
- գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն`36.3%,
- մշակույթ, զվարճություններ և հանգիստ`31%։
Վնասով աշխատող կազմակերպությունները նվազագույն մասնաբաժին են կազմում տնտեսության հետևյալ ճյուղերում`
- շինարարության՝ 11․3%,
- կացության և հանրային սննդի կազմակերպում`13.3%,
- սպասարկման այլ ծառայություններ`16․9%։
2023թ․ 2022թ․ համեմատ վնասով աշխատող ընկերությունների մասնաբաժնի ամենամեծ աճը դիտվել է հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտում՝ 11․3 տոկոսային կետով՝ կազմելով 28․8%։
Մյուս կողմից, 2023թ․ 2022թ․ համեմատ վնասով աշխատող ընկերությունների մասնաբաժնի ամենաէական նվազումը նկատվել է պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն ոլորտում՝ 41․7 տոկոսային կետով՝ կազմելով 25%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում