Եվրամիությունը, չնայած Ուկրաինային ցուցաբերվող հսկայական աջակցությանը, այնուամենայնիվ չկարողացավ նրան բավարար ռեսուրսներ տրամադրել Ռուսաստանի հետ առճակատման հարցում․ խոստովանել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա իր բլոգում հոդված է հրապարակել՝ ամփոփելով ԵՄ դիվանագիտության ղեկավարի իր մանդատը, որն ավարտվում է նոյեմբերին։
«Մենք շարունակել ենք մեր ֆինանսական, հումանիտար և ռազմական աջակցությունն Ուկրաինային։ Այժմ մենք այդ նպատակների համար հատկացրել ենք 122 միլիարդ եվրո, այդ թվում՝ 45 միլիարդ եվրո՝ ռազմական աջակցության համար։ Վերջերս մենք նաև որոշեցինք օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները՝ ապագայում Ուկրաինային այս օգնությունը երաշխավորելու համար»,— գրել է նա։
«Բայց չնայած այս ամենին, մենք չկարողացանք ապահովել Ուկրաինային պաշտպանվելու համար բավարար ռեսուրսներ… Ձմեռը շատ դաժան է լինելու ուկրաինացիների համար՝ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներով: Մենք նույնպես չկարողացանք Ուկրաինային տրամադրել բավարար աջակցություն, հատկապես զինամթերքի առումով»,— շարունակել է դիվանագետը։
Բորելի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը «էկզիստենցիալ սպառնալիք է ԵՄ-ի համար»։ Սա, նրա կարծիքով, հանգեցնում է «համաշխարհային կարգի գլոբալ մասշտաբի» կործանմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում