Ռուսական կողմն առաջարկել է Քաթարի եւ Քուվեյթի ավիաընկերություններին` իրականացնել կաբոտաժային փոխադրումներ

2 Min Read

Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները Քաթարի և Քուվեյթի ավիաընկերություններին առաջարկել են կաբոտաժային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանի տարածքով։ 

Թեման քննարկվել է դեռևս հոկտեմբերի վերջին` Կուալա Լումպուրում այդ երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ, ասված է Ռոսավիացիայի կայքում:

Կաբոտաժային փոխադրումներն իրենցից ներկայացնում են այլ պետությունում հաշվառված տրանսպորտային
միջոցի կողմից մեկ այլ պետության տարածքում գտնվող երկու կետերի միջև իրականացվող ներքին փոխադրումներ: 

 Շատ պետություններում, այդ թվում ՝ Ռուսաստանում, նման իրավունք ունեն միայն տեղական փոխադրողները։ Քուվեյթյան կողմը խոստացել է  ուսումնասիրել կաբոտաժի մեխանիզմը եւ կսպասի Ռուսաստանի իշխանություններից պաշտոնական նամակին։ Բացի այդ, ռուսական ավիացիոն իշխանություններն առաջարկել են դիտարկել Քաթարի և Քուվեյթի ավիաընկերություններից ինքնաթիռներ ձեռք բերելու հարցը:

Վերոնշյալ երկրների ներկայացուցիչները հայտնել են, որ այդ մասին կտեղեկացնեն իրենց ազգային փոխադրողներին։ Ընդ որում, քաթարական կողմը նշել է, որ իր ազգային փոխադրողը ներկայումս բախվում է օդանավերի պակասուրդի հետ։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ պահպանողական սցենարի պարագայում, 2024թ․ ռուսական ավիաընկերությունները կտեղափոխեն 112 մլն մարդ՝  84 մլն երկրի ներսում, և 28 մլն` երկրից դուրս, որը կենթադրի մոտ 6% աճ 2023թ․ համեմատ։ 

Սակայն, ավիապարկի դեֆիցիտի պատճառով, որը կապված է արեւմտյան պատժամիջոցների պատճառով ՌԴ-ին  ինքնաթիռների մատակարարման հետ, արդեն 2025թ․ ընդհանուր թիվը կարող է նվազել մինչեւ 95,1 մլն, 2026 թ․՝ մինչեւ 91,2 մլն։

Դրանից հետո, ինչպես սպասվում է, ոլորտը կսկսի վերականգնվել, բայց այնուամենայնիվ, 2030 թ․ կսպասարկվի մինչև 126,8 մլն մարդ, այսինքն ՝ ավելի քիչ, քան 2019 թ․, երբ փոխադրվել էր 128,1 մլն մարդ:

Կիսվեք այս հոդվածով