Բնակիչների անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն դրամի վնաս. մանրամասներ

6 Min Read
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ:
«Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքը ձեռք բերող և կառուցապատող հանդիսացող ՍՊ ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից մեկ միասնական դիտավորությամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 12 սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 666.765.500 ՀՀ դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակելուն, ինչպես նաև իրացրել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
Այսպես, 2001 թ. հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքերի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին` 82700 քառակուսի մետր տարածքով, որում պետության կարիքների համար վերցվող օտարման գոտու սահմանների մեջ, ի թիվս այլ գույքերի, ընդգրկվել և իրացման ենթակա են դարձել նաև Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող մի շարք հասցեների անշարժ գույքերը:
Նույն որոշմամբ Երևանի քաղաքապետին լիազորվել է երկամսյա ժամկետում իրացման ենթակա տարածքում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները:
Միաժամանակ, Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց հատուցում տրամադրելու հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ՀՀ կառավարության՝ 2001 թ. հոկտեմբերի որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերը և անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին ու իրավաբանական անձանց գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը, որով սահմանվել է նաև, որ գնվող, վերցվող անշարժ գույքի համար հատուցումը, բացի դրամականից, կարող է կատարվել նաև այլ գույքով` հողամասի, բնակելի կամ ոչ բնակելի շինության տեսքով, այլ անշարժ գույքի սեփականության իրավունքով տրամադրմամբ` հատուցման գնի մեջ դրա արժեքի հաշվանցմամբ:
ՀՀ կառավարության՝ 2004 թ. որոշմամբ Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող հատվածից 8620,0 քառակուսի մետր հողամասը կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրվել է կառուցապատող ՍՊԸ-ին, որի տնօրենը հանդիսացել է Ա.Կ.-ն:
Քննությամբ հիմնավորվել է, որ Հ.Ա.-ն, օժանդակելով Ա.Կ.-ի սեփականության իրավունքով մի շարք անձանց պատկանող վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքերն ու դրամական միջոցները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով միասնական դիտավորությամբ հափշտակությանը, պայմանագրեր է կնքել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Կ.-ին պատկանող և վերջինիս կողմից կառավարվող ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում համաձայնվել է հիշյալ անշարժ գույքերը գնահատել իրական շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով և դրանց վերաբերյալ կազմել կեղծ գնահատման հաշվետվություններ, ինչի արդյունքում Ա. Կ.-ին հնարավորություն է ընձեռվել այդ անշարժ գույքերը ձեռք բերել իրական արժեքներից անհամեմատ ցածր գնով:
Մասնավորապես՝ գնահատող ՍՊԸ-ի տնօրենի և կառուցապատող ՍՊԸ-ի տնօրենի միջև 2005 թ. սեպտեմբերին և 2007 թ. ապրիլին կնքվել են անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման երկու առանձին պայմանագրեր, որոնց համաձայն՝ կատարողը պարտավորվել է պատվիրատուի առաջադրանքով կատարել նշված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող գլխավոր հատակագծում նշված՝ Հյուսիսային պողոտային հարակից՝ Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցների տարածքում գտնվող անշարժ գույքերի գնահատում:
Այնուհետև, նշված պայմանագրերի և կառուցապատողի կողմից իրեն հասցեագրված համապատասխան գրությունների հիման վրա գնահատող ընկերության տնօրենը աշխատակցին հանձնարարել է կազմել անշարժ գույքերի արժեքների որոշման և գնահատման վերաբերյալ կեղծ հաշվետվություններ՝ դրանք կառուցապատող ընկերության տնօրենի կողմից իրացնելու և վերոնշյալ հասցեների սեփականատերերին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքերը խարդախությամբ հափշտակելու նպատակով:
ՍՊ ընկերության աշխատակիցը սեփականության իրավունքով անձանց պատկանող և պետության կարիքների համար վերցվող, օտարման գոտու սահմանների մեջ ընդգրկված ու իրացման ենթակա թվով 6 անշարժ գույքերի վերաբերյալ կազմել և իր ստորագրությամբ հաստատել է իրավունք վերապահող, բովանդակությամբ կեղծ, այն է՝ շուկայականից մի քանի անգամ էժան անշարժ գույքի գնահատման հաշվետվություն և այն տրամադրել ընկերության տնօրենին, որոնք վերջինիս ղեկավարը վավերացրել է իր ստորագրությամբ, հաստատել ՍՊԸ-ի կնիքով և առձեռն տրամադրել կառուցապատող ընկերության տնօրենին: Այդկերպ միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախությանը:
Այնուհետ, հղում անելով կեղծ գնահատման հաշվետվությանը, վերջինս սեփականատերերին որպես իրենց պատկանող անշարժ գույքի ձեռքբերման արժեք՝ կառուցապատող ընկերության տնօրենը առաջարկել է իրական արժեքից մի քանի անգամ ցածր գին:
Կառուցապատող ընկերության տնօրենն առանձին դեպքերում խաբեության եղանակով համոզել է սեփականատերերին իր հետ կնքել հաշտության համաձայնություն՝ առաջարկելով նախապես առաջարկած գումարից փոքր-ինչ ավելի գումար, ինչպես նաև ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքի մասնաշենքից զրոյական նիշից բարձր՝ 1-ին հարկի տարածքից հասարակական նշանակության տարբեր մակերեսների տարածքներ, սակայն չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին): Իսկ կառուցապատող ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին):
Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է անձանց պատճառված ընդհանուր 666 765 500 ՀՀ դրամի վնասը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կիսվեք այս հոդվածով