ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) արտադրական գործունեությունը:
Բացի այն, որ այստեղ թողարկվել է վտանգավոր սննդամթերք, նաև արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:
Այսպես՝ տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից թռչնի մսի այս արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի առկա խմբաքանակներից (12.11.2024) և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
Տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր:
Նաև՝
- արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով և լվացարաններով.
- հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից.
- առաստաղներն ապահով չեն եղել և չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով.
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներն ու գույքը պատրաստված չեն եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Որոշման չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառում: