Գերմանիայի քաղաքները դադարեցնում են Ուկրաինայից փախստականների ընդունումը

1 Min Read

Գերմանիայի չորս խոշոր քաղաքներ հայտարարել են, որ իրենք այլևս փախստականներ չեն ընդունի Ուկրաինայից. հյուրանոցներում, ճամբարներում և նույնիսկ մարզասրահներում ազատ տեղեր չեն մնացել։ Այս մասին հայտնում է MDR.DE-ն։

Պատերազմի սկզբից ի վեր ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի արդեն ժամանել է Գերմանիա։ Փախստականների հոսքը շարունակվում է, սակայն տեղական իշխանությունները չեն կարողանում գտնել նրանց բնակության վայրով ապահովելու տարբերակներ:

«Խնդիրներ կան, այլևս հյուրանոցային ազատ համարներ չկան, և առաջնային ընդունարանները մասամբ փակ են, ուստի այնտեղ արդեն լարված է իրավիճակը», – ասել է Գերմանական քաղաքների և քաղաքապետարանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գերդ Լանդսբերգը:

Հիշեցնենք, մի քանի շաբաթ առաջ Դրեզդենի իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցնում են ուկրաինացի փախստականների ընդունումը։ Հալլե, Մագդեբուրգ և Գերա քաղաքներն այժմ նույնպես հայտնում են, որ այլևս չեն կարող ավելի շատ փախստականներ ընդունել Ուկրաինայից։

Share This Article