Խոզերի ներկրումը Հայաստան կսահմանափակվի

1 Min Read

Խոզերի ներմուծման քանակական ժամանակավոր սահմանափակում կիրառվի:

Ըստ կառավարության նախագծի` 6 ամիս ժամկետով կիրառել քանակական սահմանափակում ՀՀ տարածք ներմուծվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատի նկատմամբ։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ հայրենական սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս, որի պահանջարկի գրեթե 50%-ը ապահովում են մեր տնտեսավարողները, իսկ մյուս կեսը լրացվում է ներկրման հաշվին, որը տարեկան կազմում է մինջև 90 կգ կենդանի զանգված ունեցող 40-45 հազար գլուխ խոզ։

Նախորդ տարի հանրապետություն է ներկրվել մոտ 41 հազար գլուխ այդպիսի զանգվածով խոզեր, մինչդեռ ընթացիկ տարում կտրուկ ավելացել են ներկրման ծավալները և հունվար-հուլիս ամիսներին ներկրվել է շուրջ 30 հազար գլուխ խոզ՝ նախորդ տարվա 19,2 հազարի փոխարեն կամ 56,3 տոկոով ավելի։

Ներկրումները հիմնականում իրականացվում են Բելառուսից և Ռուսաստանից:

Ներկրման նման  ծավալների պարագայում 2024  թվականին կարող է կրկնապատկվել կենդանի խոզերի ներկրման նախորդ տարվա ցուցանիշը, ինչը իրացման խնդիրներ կարող է առաջացնել խոզի մսի տեղական արտադրողների համար։

Արդյունքում՝ ներկրման ծավալների աճը կարող է հանգեցնել հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատմանը, ինչը կավելացնի հանրապետության շուկայի կախվածությունը ներկրման ծավալներից և կառաջացնի ռիսկեր պարենային անվտանգության տեսանկյունից։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով