Դրամաշնորհային ծրագիր` կանանց համար. նպատակն է աջակցել հեռավոր գյուղերում ապրող կանանց և ընտանիքների արժանապատիվ կյանքի ապահովմանը

1 Min Read

 Երևանում կանանց միջազգային ասոցիացիան (IWAY) 11-րդ ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում հավաքագրված միջոցներով իրականացվող դրամաշնորհային ծրագրին դիմելու համար մինչև դեկտեմբերի 31-ն ընդունում է հայտեր: Կազմակերպություններն ու անհատները դիմելիս պետք է լրացնեն հայտարարությանը կցված ծրագրային առաջարկը և բյուջեի ձևը՝ անգլերենով կամ հայերենով:

https://shorturl.at/ogB3c
https://shorturl.at/4ydOp

Դեկտեմբերի 1-ին կազմակերպվող ամանորյա տոնավաճառը կրում է «Կանաչ Հայաստան. գիտակից կյանք» կարգախոսը՝ արժևորելով կայուն զարգացումն ու առողջ կենսակերպը: Արդեն հաստատված է 100 կառույցի մասնակցություն, ընդ որում` 14-ը դեսպանություն է: Ավանդաբար միջոցառմանը մասնակցում են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դիվանագետների կանայք, հասարակական գործիչներ, սփյուռքահայ մեր հայրենակիցները, գործարարներ, տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ: Հայաստանի մարզերում բարեգործական դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակն է աջակցել սահմանամերձ կամ հեռավոր գյուղերում ապրող կանանց, երեխաների և ընտանիքների արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ բարելավելով սոցիալական ենթակառուցվածքները:

Հավելենք, որ անցած 2 տարիների ընթացքում ավելի քան 30 հազար դոլար (11 մլն դրամ) է ուղղվել Շիրակի Անիպեմզա բնակավայրի դպրոցի տանիքի նորոգման ու պատուհանները նորերով փոխարինելու ծրագրին: Հայ-թուրքական սահմանի հարևանությամբ գտնվող այս գյուղի համար կենսական նշանակություն է ունեցել միակ դպրոցի հիմնանորոգման ծրագիրը: Արդեն ավարտական փուլում է Լոռու Մեծ Պառնի գյուղի դպրոցի հիմնանորոգման ծրագիրը: Համագործակցելով ՀԿ-ների հետ՝ ասոցիացիան այս տարի մասնակցել է նաև Գեղարքունիքի Ճամբարակ համայնքի մանկապարտեզի վերանորոգմանը՝ հատկացնելով մահճակալներ և անհրաժեշտ անկողնային պարագաներ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով