ԱՄՆ-ում շարունակվում է գնաճը

1 Min Read

ԱՄՆ–ում դեռևս պահպանվում է գնաճի խնդիրը: Նախորդ ամիս էլ ԱՄՆ ներմուծման գներն աճել են: Աշխատանքի դեպարտամենտի տվյալներով՝ հոկտեմբերին ներմուծման գներն աճել են 0,3 տոկոսով՝ սեպտեմբերին 0,4 տոկոս անկումից հետո:

Ներմուծման գների աճը հիմնականում պայմանավորված է վառելիքի 1,5% թանկացմամբ, որը մինչեւ այդ երկու ամիս շարունակ նվազում էր։ Այդուհանդերձ, երրորդ ամիսն անընդմեջ պարենային ապրանքների գները նվազում են, հոկտեմբերին դրանք նվազել են 1,6%-ով։

Սննդամթերքն ու վառելիքը չհաշված՝ ներմուծվող ապրանքների հիմնական գներն աճել են 0,4 տոկոսով։ Սա ցույց է տալիս, որ գնաճը Դաշնային պահուստային համակարգի նպատակային՝ 2% մակարդակին հասցնելու ջանքերն առանձնապես առաջընթաց չեն գրանցում:

Հոկտեմբերին ԱՄՆ արտադրական գները աճել են, ինչը հիմնականում պամանավորված է այնպիսի ​​ծառայությունների գների աճով, ինչպիսիք են ներդրումային պորտֆելների կառավարումը և ավիափոխադրումները։ Աշխատանքի դեպարտամենտի տվյալներով՝ հոկտեմբերին Արտադրական գների ինդեքսը (PPI) աճել է 0,2%-ով՝ սեպտեմբերին գրանցված աննշան աճից հետո։ Հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, ինդեքսն աճել է 2,4%-ով։

Այս տվյալները հաշվի առնելով՝  տնտեսագետները կարծում են, որ Դաշնային պահուստային համակարգը 2025 թվականին ավելի քիչ կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքները,  քան նախկինում ենթադրվում էր:  Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը  նույնպես հայտարարել էր, որ տնտեսությունը նշաններ չի ցույց տալիս, որ այն վերաֆինանսավորման տոկոսադրույքների արագ նվազեցման կարիք ունի եւ դանդաղ նվազեցումն ավելի խելամիտ կլինի:

Կիսվեք այս հոդվածով