ՊԵԿ-ը երկրի առանցքային կառույցներից է, որի վերջին տարիների քաղաքականության արդյունքում հարկային վարչարարությունն ավելի է խստացվել։ Հարկային վարչարարությունից գոհ չեն նաև իշխանական ներկայացուցիչները։ Մասնավորապես, հարկային քաղաքականության մասով խորհրդարանական լսումների ժամանակ բավականին կոշտ ելույթ ունեցով Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։ Վերջինս քննադատեց նաև ֆինանսների նախարարությանը՝ հայտարարելով, որ ինչ-որ հաշվարկներ սխալ են արվել, և այդ հիմքով վարվող հարկային քաղաքականություն արդյունավետ չէ։
Առհասարակ, հարկային վարչարարությունը բավականին վտանգավոր գործիք է, որի ոչ արդյունավետ կիրառումը կարող է հսկայական վնասներ հասցնել տնտեսության երկարաժամկետ զարգացմանը։ Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը այլ երկրների խմբի նույն ցուցանիշի համեմատությամբ․
Միանգամից տեղեկացնենք, որ 2023թ․ տվյալները դեռևս ամփոփված չեն։ Նույնիսկ այս պարագայում նկատում ենք, որ 2018-2022թթ․ Հայաստանում հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կտրուկ տատանումների չի ենթարկվել, սակայն աստիճանաբար աճման միտում է ունեցել։
Այսպես, դեռևս 2013թ․ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 21․6%, իսկ 2022թ․՝ 21․8%։ 2013-2022թթ․ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն մակարդակը դիտվել է 2019թ․՝ 22․3%, իսկ նվազագույն ցուցանիշը նկատվել է 2017թ․՝ 20․9%։
Համեմատության համար նշենք, որ աշխարհում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2022թ․ կազմել է 14․1%։ Նկատում ենք, որ Հայաստանի ցուցանիշը գերազանցում է աշխարհի ցուցանիշին շուրջ 7․7 տոկոսային կետով։
Եվրոպական Միությունում և Եվրոգոտում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2022թ․ կազմել է համապատասխանաբար մոտ 18% և 17%։ 2022թ․ դրությամբ Հայաստանը համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։
Հայաստանի ցուցանիշի հետ միասին վերցրած՝ միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների խմբում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 10․4%։ Բարձր եկամուտներով երկրների խմբում հարկեր/ՀՆԱ ցուցանիշի մակարդակը հաստատվել է 15․5% մակարդակում։ Ցածր և միջին եկամուտներով երկրների խմբում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2022թ․ դրությամբ կազմել է 10․6%։
Ամփոփելով՝ նշենք, որ արդյունավետ հարկային քաղաքականության իրականացման շուրջ քննարկումները շարունակվում են։ Տնտեսագետները կոնկրետ երկրների համար լուծումներ են առաջարկում, սակայն դրանք այնքան ամփոփ ու համապարփակ չեն, որպեսզի կիրառելի լինեն նաև մյուս երկրներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում