Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական վրդովված անդրադարձավ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքին`շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է, և որ սովորական մարդիկ չեն նկատում թավշյա հեղափոխության արդյունքները։
Դրան հաջորդեցին շղթայական պաշտոնանկությունները կառավարությունում. աշխատանքից ազատման դիմում ներկայացրին միանգամից մի քանի առանցքային ոլորտների ղեկավարներ։
Այս համատեքստում ուսումնասիրենք ՀՀ կառավարության արդյունավետությունը։ Համաշխարհային բանկը ներկայացնում է կառավարությունների արդյունավետության համաթիվը, որը կառավարության հնարավոր գործունեության ուղղությունները և դրանց հետևանքները գնահատող բազմաթիվ ցուցանիշների համադրություն է։
Կառավարության արդյունավետության համաթվի փաստացի ցուցանիշը տատանվում է -2․5-ից 2․5 բալ միջակայքում։ Որքան փաստացի ցուցանիշը մոտ է 2․5 բալին, այնքան կառավարությունն ավելի արդյունավետ է գործել, ճիշտ է նաև հակառակը։
Հայաստանի կառավարությունների արդյունավետության համաթվերը 1996-2023թթ. կարելի է ուսումնասիրել հետևյալ գծապատկերում․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բոլոր կառավարությունների արդյունավետությունը միջինում կազմել է -0․23 բալ։
Կառավարության արդյունավետության ամենամեծ դրական համաթիվը՝ 0․08 բալ, արձանագրվել է 2013թ․-ին, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր, իսկ վարչապետը` Տիգրան Սարգսյանը։
Ամենաանարդյունավետ կառավարությունը գործել է 2000թ., երբ համաթիվը կազմել է -0․54 բալ։ 2000թ․ Հայաստանի նախագահն էր Ռ․ Քոչարյանը, իսկ վարչապետը` Անդրանիկ Մարգարյանը։
Փաստացի, կատարված հաշվարկները վկայում են, որ կառավարության ամենաբարձր արդյունավետությունը դիտվել է Սերժ Սարգսյանի կառավարման օրոք՝ -0․16 բալ։
Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարությունների արդյունավետությունը կազմել է -0․27 բալ, իսկ հեղափոխական Նիկոլ Փաշինյանի պարագայում՝ -0․25 բալ։
2018թ-ից հետո ՀՀ կառավարության արդյունավետության համաթիվը միշտ գտնվել է բացասական գոտում։ Փաշինյանի կառավարությունը ամենաբարձր արդյունավետությունն է գրանցել 2018թ․՝ -0․17 բալ, իսկ կառավարության ամենաանարդյունավետ տարին եղել է 2022թ․՝ -0․32 բալ։
- Փաստորեն, կառավարությունն անարդյունավետ գործել է արդեն 2022թ․, սակայն այդ ամենը նկատելի է դառնում միայն 2024թ․ նոյեմբերին։
- Անշուշտ, բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները ոլորտներում առկա բազմաթիվ բացերի ու թերությունների ֆոնին չեն կարող գոհացնել հանրությանը։ Առավել վրդովեցուցիչ է, որ երկրի ղեկավարը միայն նոր է տեղեկանում այդ մասին։