Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարեց իր QR ենթակառուցվածքը բացելու մասին։ Նույն օրը հայտարարվեց, որ Յուփեյ ընկերությունը միացել է Open QR ենթակառուցվածքին։ Այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել և վճարել նաև Յուփեյի օգտատերերը։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը, նախ ողջունելով ենթակառուցվածքին արդեն իսկ միացած գործընկերներին, տեղեկացրել է, որ ֆինանսական համակարգը ներկայացնող այլ գործընկերների հետ ընթանում են բանակցություններ, և շուտով նրանք նույնպես հնարավորություն կունենան միանալ Իդրամի բաց/open QR-ին։
«Այս հնարավորությունը շահավետ է ֆինանսական կազմակերպությունների համար այն առումով, որ իրենց օգտատերերին և հաճախորդներին առաջարկում են այլընտրանքային վճարման տարբերակ 22.500-ից ավել վաճառակետերում։ Ընդ որում այդ ընկերությունների օգտատերերը ստիպված չեն ներբեռնել այլ հավելվածներ անհպում QR վճարումներ կատարելու համար», – ասել է Արսեն Քդենյանը։
«Մենք ուրախ ենք միանալ Իդրամ ընկերության այս նախաձեռնությանը, հաշվի առնելով մեր ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։ Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում՝ մեր հաճախորդներին տրամադրելու արագ և հասանելի վճարային լուծումներ։ Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում», – ասել է «Յուփեյ» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի կողմից)։
Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանի խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից Իդրամի բաց/open QR-ին միանալու գործընթացը պարզ է․ այն իրականացվում է ժամանակակից և ստանդարտացված API-ների համակցման միջոցով։ «Ենթակառուցվածք ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարող են սքանավորել Իդրամի QR-ը, մենք նկատի ունենք նաև նշված գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում», – ասել է Ալբերտ Թունյանը։
Այս պահին Իդրամ բաց/open QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը և Easy Pay-ը։ Իդրամի բաց/open QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր, իսկ Հայաստանում գործող Բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին Իդրամից տեղեկացրեցին, որ բաց են համագործակցության համար։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում