ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրարշավում քանիցս խոստացել է ընդլայնել երկրում նավթահորերի հորատումը, ինչը լավ նորություն է Ալյասկայի քաղաքական ղեկավարների համար, որտեղ նավթը տնտեսության հիմքն է, գրում է Associated Press-ը։
Ալյասկայի հյուսիսային մասում նավթահորերի հորատման մասին քննարկումները հավանաբար կվերսկսվի առաջիկա ամիսներին։ Շատերը ողջունում են հնարավոր նոր եկամուտը, մինչդեռ մյուսներն անհանգստանում են, թե ինչպես դա կազդի վայրի բնության վրա, որը նրանք սրբազան են համարում։
Վայրի բնության ամենամեծ արգելոցը երկրում զբաղեցնում է Ալյասկայի հյուսիսարեևլյան տարածքը, որը հավասար է Հարավային Կարոլինայի տարածքին։ Այն առանձնանում է տարատեսակ լանդշաֆտով, որը ներառում է լեռներ և սառցադաշտեր, տունդրային հարթավայրեր, գետեր, բորեալային անտառներ, և տուն է հանդիսանում վայրի բնության բազմաթիվ ներկայացուցիչների համար, ներառյալ սպիտակ արջերը, կարիբուները, ոչխարացլերը եւ թռչունները։
Հորատման կողմնակիցները հավաստիացնում են, որ հորատումը կարող է հազարավոր աշխատատեղեր ստեղծել, միլիարդ դոլարների եկամուտ բերել եւ խթանել նավթի արդյունահանումն ԱՄՆ-ում։ Չնայած ԱՄՆ հողօգտագործման բյուրոն հայտնել է, որ ափամերձ հարթավայրը կարող է պարունակել 4,25-11,8 մլրդ բարել հանածո նավթ, նավթի քանակի և որակի մասին տեղեկությունը սահմանափակ է։
Նաև պարզ չէ, կցանկանան արդյոք ընկերությունները ռիսկի դիմել՝ իրականացնելով նախագծեր, որոնք կարող են դատավարություններ ենթադրել։ Շրջակա միջավայրի պաշտպանները և կլիմայաբանները պնդում են, որ աստիճանաբար հրաժարվեն հանածո վառելիքից, որպեսզի կանխվեն կլիմայի փոփոխության վատագույն հետևանքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում