Ծառայությունների մատուցման ոլորտը շարունակում է ընդլայնվել` ի հաշիվ ժամանակակից տեխնոլոգիաների և նոր մասնագիտությունների։
Թագավարակից հետո, երբ բավականին արագ տարածվեց հեռավար առցանց աշխատելու հնարավորությունը, ոլորտն էլ ավելի ընդլայնվեց՝ ստեղծելով գումարներ աշխատելու լայն հնարավորություններ։
Հայաստանում ևս ծառայությունների ոլորտը շարունակ ընդլայնվում է։ Մասնավորապես, 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ծառայությունների ծավալներն աճել են 5․9%-ով՝ կազմելով ֏ 2․4 տրլն։
Այս ծավալներում 2024թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 0․6% մասնաբաժին կամ մոտ ֏ 14 մլրդ ծավալներ են ապահովել անհատական ծառայությունները։ Վերջիններիս ծավալները 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 18%-ով:
Անհատական ծառայությունների ծավալները ձևավորվել են հետևյալ ոլորտների հաշվին․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերին անհատական ծառայությունների ծավալների 53%-ն ապահովել են վարսավիրանոցներն և գեղեցկության սրահները։ Վերջիններիս կողմից մատուցված ծառայությունների ծավալները 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10%-ով՝ կազմելով մոտ ֏ 7 մլրդ։
Անհատական ծառայությունների ծավալների մոտ 10%-ը պատկանում է մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում, չոր մաքրում ոլորտին։ Վերջինումս մատուցված ծառայությունների ծավալները 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 6%-ով՝ կազմելով մոտ ֏ 1 մլրդ։
Անհատական ծառայությունների ընդհանուր ծավալներում 7% մասնաբաժին ունի հուղարկավորությունների կազմակերպման ոլորտը։ Ցավալի վիճակագրություն է, սակայն տվյալները փաստում են, որ հուղարկավորությունների կազմակերպման ոլորտում մատուցված ծառայությունների ծավալները 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 2 անգամ՝ կազմելով մոտ ֏ 925 մլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում