Թունելն ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Թունելի ճանապարհը ասֆալտբետոնե ծածկով է, 2 երթևեկելի գոտիով, 9 մ լայնությամբ։ Ճանապարհի երկու կողմերում կառուցվելու են քայլուղիներ՝ ճանապարհի մակերևույթից մոտ 15 սմ բարձրության վրա, թունելի առաստաղում կառուցվելու է ծխատար խողովակ, որը հանդիսանալու է թունելի եվրոպական ստանդարտներին համապատասխանող օդափոխության համակարգի մաս, իսկ ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը ծառայելու է հնարավոր արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման համար:
Ծրագրի արդյունքում գործող երթուղին կկրճատվի շուրջ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի երթևեկության ժամանակը, կնվազի ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի օգտագործումը, հնարավորություն կստեղծվի խուսափել ձմռանը լեռնանցքի անցանելիության դժվարություններից, զգալիորեն կբարձրանա ճանապարհային անվտանգության մակարդակը, կավելանա ապրանքաշրջանառությունը։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ծրագրի կարիքների համար ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում, Մեղրի համայնքի Տաշտուն, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, բնակավայրերում ընդհանուր 62 հողամասերի ազդակիր տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։