«Փողի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է ապապետական, որովհետեւ մենք դրան վերաբերվում ենք որպես արգահատանքի արժանի մի բան, երբեմն էլ որպես պաշտամունքի առարկա,-» այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ իր ամփոփիչ խոսքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ մինչդեռ փողը պետության տեսակետից այն ընդամենը կառավարման գործիք է, առանց որի որեւէ կառավարում գոյություն ունենալ չի կարող, առանց որի պետություն եւ նույնիսկ հանրություն գոյություն ունենալ չի կարող:
Նա նշել է, որ մեր խնդիրը պետք է լինի փողից բարեկամ դարձնելը: Եթե ուզում ենք ուժեղ պտություն ունենալ, պետք է բոլորս միասին որպես պետություն, որպես քաղաքացի հնարավորինս շատ փող աշխատենք՝ օրինական ճանապարհով: Պետք է հնարավորինս շատ եկամուտներ գեներացնենք եւ հարստացնենք մեր համընդհանուր բյուջեն՝ հարկերի միջոցով:
Փաշինյանի խոսքով՝ այս առումով շատ համակարգային խնդիրներ ունենք, և դրանցից մեկը մեր Հարկային օրենսգիրքն է, որը, ըստ նրա, ապապետական է։
«Մեր Հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը: Շրջանառության հարկի համակարգը ապապետական համակարգ է: Մենք պետք է ունենա նոր Հարկային օրենսգիրք, որը համապատասխանում է Հայաստանի պետական շահերին»,- հայտարարել է Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում