Պետական հատվածում թափուր աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 1400-ով. Ի՞նչ պատկեր է աշխատաշուկայում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Մեր վերլուծություններում պարբերապար անդրադառնում ենք տնտեսության կարևորագույն բաղադրիչներից մեկին՝ աշխատանքի շուկային՝ դիտարկելով ոչ միայն աշխատավարձի մակարդակը, այլև աշխատանքի շուկայի մյուս առանցքային ցուցանիշները։

Անդրադառնանք թափուր աշխատատեղերի թվաքանակին։ Վիճակագրական կոմիտեի պարզաբանմամբ՝ թափուր աշխատատեղերի թիվը գործատուի կողմից պահանջվող աշխատողների թվաքանակն է՝ նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով: Թափուր աշխատատեղերի թվի մեջ ներառվում են միայն վարձատրվող թափուր պաշտոնները/հաստիքները:

Թափուր աշխատատեղերին վերաբերող վիճակագրական տվյալները ցույց են տալիս հետևյալ պատկերը 2024թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ թափուր աշխատատեղերի թվաքանակը 2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ ավելացել է 1,600-ով՝ կազմելով 10,100 աշխատատեղ։ Տարբերում ենք անորոշ և որոշակի ժամկետով թափուր աշխատատեղերը։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2024թ․ երկրորդ եռամսյակում թափուր աշխատատեղերի 89%անորոշ ժամկետով է։ Պետական հատվածում թափուր աշխատատեղերի թվաքանակը 2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ ավելացել է 1,400-ով՝ կազմելով 6,600 աշխատատեղ։

Մասնավոր հատվածում թափուր աշխատատեղերի թվաքանակը 2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ ավելացել է ընդամենը 200 աշխատատեղով՝ կազմելով 3,500 աշխատատեղ։

ՀՀ վճակագրական կոմիտեի համաձայն՝ թափուր աշխատատեղերի ընդհանուր թվաքանակի 47%-ն առկա է պետական կառավարում, կրթություն, առողջապահություն և բնակ­չութ­յան սոցիալական սպասարկում ոլորտում։

Թափուր աշխատատեղերի 20%ն առկա է ֆինանսական, անշարժ գույքի, մասնագիտական, գիտական և տեխնիկական, վարչարարական և օժանդակ գործունեություն ոլորտում։ Թափուր աշխատատեղերի 14%-ն առկա է արդյունաբերությունում։



Թափուր աշխատատեղերի 64%-ը պատկանում է Երևանին, որտեղ 2024թ․ երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ թափուր աշխատատեղերի թվաքանակն աճել է 1,200 աշխատատեղով։

2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ մարզերում թափուր աշխատատեղերի թվաքանակի ամենամեծ աճն   արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 200 աշխատատեղով, ինչի արդյունքում մարզում թափուր աշխատատեղերի թվաքանակը կազմել է 400 աշխատատեղ։

Թափուր աշխատատեղերի կրճատում՝ 100 աշխատատեղով, դիտվել է Գեղարքունիքի մարզում՝ կազմելով 300 աշխատատեղ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով