ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Ընդհանուր առմամբ տուրիզմն արդեն 3-4 տարի է` ենթարկվում է տարբեր մակարդակների փորձությունների։ Թագավարակային բազմաթիվ սահմանափակումներից հետո այսօր էլ նկատվում է ռուս-ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը։ Հազարավոր ռուսներ և ուկրաինացիներ տեղաշարժվում են մի երկրից մյուս երկիր։ Այն պարագայում, երբ ուկրաինացիների համար իրենց դռները բաց են բազմաթիվ երկրների համար, ռուսներն այդքան էլ ցանկալի չեն։ Այդ պատճառով էլ Հայաստանը ռուսների համար դարձել է հիմնական ուղղություններից մեկը։

Սակայն Հայաստանում ևս պատկերն այնքան էլ լավ չէ։ Սահմաններում շարունակում է պահպանվել լարվածությունը, որի պատճառով հատկապես զգալի կորուստներ են կրում մարզերի հյուրանոցները և հարակից բոլոր օբյեկտները։

Այս բոլոր գործոններն իրենց ազդեցությունն են թողնում հյուրանոցային ծառայությունների գների վրա.

Գծապատկեր 1. Հյուրանոցային ծառայությունների գների փոփոխությունը 2022թ-ի հունվար-օգոստոս ամիսներին` նախորդ տարվա նույն ամիսների համեմատ

Պարզվում է՝ դեռևս 2022 թ.-ի փետրվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանգստի կազմակերպման համալիր հյուրանոցային ծառայությունների գների խորը անկում է դիտվել՝ -2,5 %: Արդեն 2022 թ.-ի փետրվարից հետո նկատվում է ծառայությունների գների կտրուկ աճ։ Մասնավորապես, մարտին գներն աճել են 2,3 %-ով, հունիսին՝ 4,9 %-ով, հուլիսին՝ 5,5 %-ով, և օգոստոսին՝ 6,2 %-ով։

Այստեղ նկատվում է տարբերություն հյուրանոցային, մոթելի և այլ համանման ծառայությունների և հանգստի կենտրոնների, ճամբարների, երիտասարդական հանրակացարանների և այլ  համանման ծառայություններգների փոփոխության միջև.

Գծապատկեր 2. Հյուրանոցային, մոթելի, հանգստի կենտրոնների, ճամբարների, երիտասարդական հանրակացարանների և այլ համանման ծառայությունների գների փոփոխությունը 2022թ-ի հունվար-օգոստոս ամիսներին` նախորդ տարվա նույն ամիսների համեմատ

2022 թ.-ի փետրվարին արձանագրված կտրուկ անկման պարագայում հանգստի կենտրոնների, ճամբարների, երիտասարդական հանրակացարանների և այլ համանման ծառայությունների գների անկումը կազմել է -1,9 %, իսկ հյուրանոցային, մոթելի և այլ համանման ծառայություններինը՝ -1,4 %։ Այնուհետև նկատվում է ծառայությունների գների աճ, որը հանգստի կենտրոնների, ճամբարների, երիտասարդական հանրակացարանների և այլ համանման ծառայությունների մասով տեղի է ունենում ավելի դանդաղ՝ համեմատած հյուրանոցային, մոթելի և այլ համանման ծառայություններրի գների աճի հետ։

Դեռևս մարտին հյուրանոցային, մոթելի և այլ համանման ծառայությունների գները, երբ աճել էին 4,9 %-ով, հանգստի կենտրոնների, ճամբարների, երիտասարդական հանրակացարանների և այլ  համանման ծառայությունների գների անկում էր դիտվում՝ -1,5 %-ով։ Գների աճի արդյունքում 2022 թ.-ի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, հյուրանոցային, մոթելի և այլ համանման ծառայությունների գների աճը հասել է 9 %-ի, իսկ հանգստի կենտրոնների, ճամբարների, երիտասարդական հանրակացարանների և այլ  համանման ծառայությունների գներինը ընդամենը՝ 5,5 %-ի։

Կիսվեք այս հոդվածով