Բոլոր պետություններն էլ նշանակալի ուշադրություն են դարձնում ժողովրդագրական խնդիրներին։ Բնակչության թվաքանակի պահպանումը որոշակի մակարդակի վրա ունի ռազմավարական նշանակություն։ Այս առումով իրականացվող քաղաքականությունը վարվում է անուղղակիորեն՝ փորձելով ազդել բազմաշերտ գործոնների վրա, որոնք էլ իրենց հերթին ազդեցություն են ունենում դեմոգրաֆիական տարբեր ցուցանիշների վրա։
Հայաստանը ևս կարևորում է ժողովրդագրական ցուցանիշները։ նկատենք, որ 2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակը կազմել է 3,067,400 մարդ։ Ընդ որում՝ քաղաքային բնակչության թվաքանակը կազմել է 1,976,000, իսկ գյուղականը՝ 1,091,400 մարդ։ ՀՀ մարզերի բնակչության թվաքանակը 2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1, 931,100 մարդ։
Հետաքրքիր է ուսումնասիրել՝ ինչպես է փոխվել բնակչության թվաքանակը 2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ 2023թ․նույն ժամանակահատվածի համեմատ․
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ բնակչության թվաքանակը 2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․5%-ով։ Ընդ որում՝ քաղաքային բնակչության թվաքանակն աճել է 3․5%-ով, իսկ գյուղականը՝ ընդամենը 0․6%-ով։
Ակնհայտ է, որ Հայաստանը գյուղական բնակչության թվաքանակի հետ կապված խնդիր ունի։ Կատարված հաշվարկները փաստում են, որ Երևանի բնակչության թվաքանակը, որը 2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1,136,300 մարդ 2023թ․ հոկտեմբերի 1-ի համեմատ աճել է 3%-ով։
ՀՀ մարզերում բնակչության թվաքանակի առավելագույն աճը՝ մոտ 14%, դիտվել է Կոտայքի մարզում. բնակչության թվաքանակն այստեղ 2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է 292,400 մարդ մակարդակում։
Բնակչության թվաքանակի ամենամեծ անկումը՝ մոտ 15 %, արձանագրվել է Սյունիքի մարզում։
Ի դեպ, Սյունիքի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը, որը 2024թ․ երրորդ եռամսյակում կազմել է 318, 469 դրամ, զիջում է միայն Երևանում արձանագրված աշխատավարձերին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում