Ադրբեջանական մամուլը գրում է, որ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար հայտարարում են ապագայում Ադրբեջանից գազ գնելու Հայաստանի պատրաստակամության մասին։
Ադրբեջանական պարբերականը հիշեցնում է, որ Երևանում կայացած Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ չի բացառում Ադրբեջանից «կապույտ վառելիքի» ներկրման կամ տարանցման հնարավորությունը։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ չի կարելի բացառել այն սցենարը, երբ Հայաստանի տարածքով կարող է անցնել նաև Ադրբեջանից Նախիջևան կամ Թուրքիա տարանցիկ գազատարը։
Ադրբեջանական կողմը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս նախաձեռնությունը։ Սակայն, ըստ Բաքվի փորձագետների, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստան գազի մատակարարման խնդիրն իսկապես կարող է արդիական դառնալ։ Ներկայումս Ռուսաստանը ծածկում է Հայաստանի գազի կարիքների զգալի մասը։ Բացի այդ, Իրանը Հայաստանին տարեկան մատակարարում է մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր «կապույտ վառելիք», որն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Միաժամանակ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բաշխումը նույնպես Ռուսաստանի վերահսկողության տակ է, իսկ ներքին գազատարների համակարգը նախորդ իշխանությունների օրոք փոխանցվել է ռուսական մենաշնորհատեր Գազպրոմի սեփականությանը։
Սակայն Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ձգտում է նվազեցնել և, հնարավորության դեպքում, ամբողջությամբ վերացնել Ռուսաստանից տնտեսական և էներգետիկ կախվածությունը. վերլուծում է ադրբեջանական մամուլն ու ավելացնում.
Ադրբեջանը, աշխարհագրական տեսանկյունից, ամենահարմար աղբյուրն է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման համար։ Հիշեցնելով`խորհրդային տարիներին Հայաստան մատակարարումներ էին իրականացվում Ադրբեջանի տարածքով՝ Ղազախ-Երևան գազատարով։
Պարբերականը հիշեցնում է, որ ներկայումս Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում արտոնյալ պայմաններով, և դա Մոսկվայի երկարամյա ճնշման լծակներից մեկն է Երևանի վրա։ Չնայած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Կրեմլի հայտնի վերաբերմունքին, «Գազպրոմը» դեռևս ձեռնպահ է մնում գազի գնի թանկացման սպառնալիքներից, հաշվի առնելով, որ նման քայլը կարող է դրդել Հայաստանին ավելացնել իրանական գազի ներկրումը և, համապատասխանաբար, նվազեցնել Երևանի կախվածությունը ռուսական վառելիքից։
Միաժամանակ Հայաստանը ցանկանում է ազատվել Ռուսաստանի ձեռքում գտնվող ճնշման գործիքից, և նրա հիմնական հույսն այս հարցում կապված է Ադրբեջանի հետ։ Փաստորեն, եթե Ռուսաստանը Երևանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրի համար 165 դոլար գնով, Ադրբեջանից Հայաստան «կապույտ վառելիքի» մատակարարումները տնտեսապես ոչ շահավետ կլինեն։
Բայց եթե այս հարցը դիտարկենք ռուսական էներգետիկ կախվածությունը նվազեցնելու կամ նույնիսկ ազատվելու Հայաստանի ցանկության համատեքստում, ապա Երևանը կարող է պատրաստ լինել ավելի թանկ գնով գնել ադրբեջանական գազը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
