100 դրամանոցների մրցավազքը, ՀՀ առևտրաշրջանառությունն ու զբոսաշրջիկների նվազող թվաքանակը. Շաբաթը` թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:

Նախորդ շաբաթ մեկնարկեց 100 դրամների մրցավազքը, նոյեմբերի 1-ից տրանսպորտային համակարգում այլ գումար չի ընդունվում։ ԿԲ-ից էլ մանրամասնում են՝ ներկայումս շրջանառության մեջ կա շուրջ 34 մլն 600 հազար հատ կամ յուրաքանչյուր մեկ բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց, կարիքի դեպքում բանկը կլրացնի 100 դրամանոցների պաշարները։

Իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2024թ․ հունվար- օգոստոսին կազմել է 9 մլրդ, 173 միլիոն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով երկու անգամ։

Չնայած սրան՝ տնտեսական ակտիվության աճի տտեմպը հունվար-սեպտեմբերին շարունակել է դանդաղել՝ հունվար-օգոստոսի համեմատ ցածր լինելով 0․3 տոկոսային կետով։

2024թ․ հունվար-սեպտեմբերին պետբյուջեի պլանի համեմատ հարկային եկամուտները թերակատարվել են 148․6, ծախսերը՝ 224․7 մլրդ դրամով։

Գանք բանկերին: 2024թ․ օգոստոսին ՀՀ առևտրային բանկերը ներգրավել են Դ 5․9 տրլն ավանդ, ինչը 2024թ․ հուլիսի համեմատ աճել է 0․3%-ով, իսկ 2023թ օգոստոսի համեմատ` շուրջ 11%-ով։ Ի դեպ, հայաստանյան բանկերը շարունակում են մնալ 1000 խոշոր հարկատուների ցանկում: 18 առևտրային բանկերը 2024թ․ երրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ֏ 20․3 մլրդ, 2023թ․ երրորդ եռամսյակի համեմատ հարկերի ծավալն աճել է 9%-ով, նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել՝ մոտ 66%-ով:

Վճարած հարկերի ծավալով առաջատարն Ամերիաբանկն է:

Դե իսկ վերջում, եկող-գնացողների մասին: 2024-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 721 հզր 245 զբոսաշրջիկ: 2023-ի հունվար-սեպտեմբերի համեմատ՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 7 տոկոսով:Ի դեպ, ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 741 հազար մարդ, ինչն ընդհանուր այցելությունների 43 տոկոսն է:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով