Հոկտեմբերի 30-ին կայացավ AMX ամենամյա մրցանակաբաշխությունը, որը այս տարի ևս միավորեց Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար ընկերություններին։ Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին հանձնել են մրցանակներ՝ ընդգծելով նրանց ձեռքբերումները 2023-2024 թվականներին։
Այս տարի միջոցառումը առանձնացավ ոչ միայն նոր ձևաչափով, այլև խորացված քննարկումներով՝ անդրադառնալով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներին ու առաջընթացի նոր հնարավորություններին: Հանդիպումը վերածվեց գաղափարների փոխանակման հարթակի, որտեղ ներկայացվեցին և վերլուծվեցին ոլորտի աճի ուղղություններն ու նորարարական լուծումները՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական շուկայի շարունակական զարգացմանը և մրցունակությանը տարածաշրջանում։
Ամփոփելով նախորդ՝ 2023 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 18 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում կապիտալի շուկայում ծավալել են ակտիվ գործունեություն՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 3 անվանակարգերում էլ տրվեցին խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:
Հատկանշական է, որ հատուկ խրախուսական մրցանակ էր նախատեսված Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական շուկաների թվային ուսուցման հարթակի (EBRD Capital Markets e-Learning Program) ամենաակտիվ ուսանողի համար։ Այս նորարարական կրթական նախաձեռնությունը հնարավոր դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի հետևողական ջանքերի և բանակցությունների շնորհիվ, որոնց արդյունքում այս տարեսկզբին ՀՖԲ-ն ՎԶԵԲ-ի կողմից ստացավ 30 կրթական արտոնագիր: Կրթական հարթակի արտոնագրերի մեծ մասը տրամադրվել են ՀՖԲ անդամ կազմակերպությունների աշխատակիցներին՝ նպաստելով նրանց մասնագիտական առաջընթացին և ոլորտի զարգացմանը։
Միջոցառման ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն Անի Մակարյանը ներկայացրեցին AMX խմբի իրագործած բարեփոխումներն ու առաջնահերթ նախագծերը, ինչպես նաև ապագա զարգացման ռազմավարական ծրագրերը: Նրանց ելույթները ընդգծեցին բորսայի հաստատակամ հանձնառությունը՝ շարունակաբար բարելավել շուկայական ենթակառուցվածքները և խթանել ներդրումների համար նոր հնարավորություններ՝ նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի միջազգային մրցունակության ամրապնդմանը:
Այս տարվա միջոցառման ժամանակ անցկացվել է «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը և միջազգայնացումը» թեմայով պանելային քննարկում՝ AMX խմբի դիտորդ խորհրդի անդամների և միջազգային փորձագետների գլխավորությամբ: Պանելային քննարկման մոդերատորն էր՝ ԵՖԲՄ-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը: Բանախոսներն էին ՀՖԲ դիտորդ խորհրդի նախագահ Մաթեուշ Զավիստովսկին, դիտորդ խորհրդի նախագահի տեղակալ Մայքլ Վոլթերը, ՀԿԴ խորհրդի անդամ Դանիել Էրիկ Սթոունշիֆերը, EBRD Ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացման նախագահի տեղակալ Ռադա Տոմովան և AMX կառավարման խորհրդի անդամ Գժեգոժ Կուչարսկին անդրադարձան Հայաստանի կապիտալի շուկան միջազգային շուկաներին ինտեգրելու մարտահրավերներին և հնարավորություններին։ Թեմաները ներառում էին օտարերկրյա ներդրումների ավելացում, շուկայական ենթակառուցվածքների բարելավում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում:
AMX AWARDS 2024-ի Հայաստանի ֆոնդային բորսայի մրցանակակիրներն են՝
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ – Լավագույնը Բաժնետոմսերի Երկրորդային Շուկայում
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ – Լավագույնը Կորպորատիվ Պարտատոմսերի Երկրորդային Շուկայում
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ – Լավագույնը Պետական Պարտատոմսերի Երկրորդային Շուկայում
ԱՐՄԲՐՈԿ ԲԲԸ – Լավագույնը ՌԵՊՈ գործարքներում
ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ (ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ) – Շուկայի անդամների կողմից ընտրված լավագույն գործընկեր
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ – Բորսայի Կորպորատիվ Պարտատոմսերի Լավագույն Թողարկող
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ – Բորսայի Բաժնետոմսեր Լավագույն Թողարկող
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ – Կորպորատիվ Պարտատոմսերի Շուկայում Լավագույն Տեղաբաշխող
ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ ՓԲԸ – Բորսայի Լավագույն Համագործակցող Անդամ
AMX AWARDS 2024-ի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակակիրներն են՝
ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ – Դեպոզիտար Համակարգի Լավագույն Հաշվի Օպերատոր
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ – Դեպոզիտար Համակարգի Լավագույն Համագործակցող Անդամ
ԴԱՅՄԵՆՇՆ ՓԲԸ – Դեպոզիտար Համակարգի Լավագույն Անդամ
ԺԱՆԵՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ (ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ) – Դեպոզիտար Համակարգի Լավագույն Աշխատակից
ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ – Ամենաթափանցիկ Թողարկող
CLEARSTREAM – Լավագույն Օտարերկրյա Գործընկեր
ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ – Դեպոզիտար Համակարգի Ամենաառաջադեմ Անդամ
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ – Դեպոզիտար Համակարգի Ամենաառաջադեմ Անդամ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ – Դեպոզիտար Համակարգի Ամենաառաջադեմ Անդամ
ՔՐԻՍՏԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ) – Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության համար մրցանակ
ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ) – Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության համար մրցանակ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ) – EBRD Capital Markets E-Learning ծրագրի ամենաակտիվ սովորող
AMX մրցանակաբաշխությունը շարունակում է հաստատվել որպես ֆինանսական ոլորտի առանցքային իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է մասնակիցների նշանակալի ներդրումը կապիտալի շուկայում, այլև հիմք է ստեղծում ոլորտի կայուն զարգացման համար: Այս տարվա մրցանակակիրները ցուցաբերեցին բացառիկ կատարողականություն՝ բարձրացնելով տեղական և միջազգային ներդրողների վստահությունն ու հետաքրքրվածությունը Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ և կարևոր դեր ունենալով դրա հետագա ընդլայնման գործում։
*** AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում