Քննարկվել է էկոնոմիկայի նախարարության և AMRF-ի միջև համագործակցության վերաբերյալ հուշագրի նախագիծը

1 Min Read

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) նախագահ Միշել Ֆուռնիեի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են առաջիկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և AMRF-ի միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության վերաբերյալ «Մտադրությունների մասին հուշագրի» նախագիծը և հուշագրով նախատեսվող գործողությունները։

Փաստաթղթով, մասնավորապես, ֆրանսիական կողմը նախատեսում է ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքում աջակցել 4 տնտեսվարողի՝ կառուցելու ժամանակակից անասնաշենքներ, որոնցում կբուծվեն համաշխարհային ճանաչում ունեցող կաթնային կամ կաթնամսային ուղղության ցեղերի տոհմային կենդանիներ, ինչպես նաև 30 կովի համար նախատեսված կոոպերատիվ նոր անասնաշենքի կառուցում, որում փոքր գլխաքանակ տնօրինող ֆերմերները կկարողանան համատեղ խնամել իրենց կենդանիները և ստանալ իրենց կաթի վերամշակման արդյունքը։

Կարևորելով այս նախաձեռնությունը՝ Տաթևիկ Սարգսյանն ընդգծել է, որ անասնաբուծության ոլորտը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ հաշվի առնելով այս ոլորտում ֆրանսիական կողմի հարուստ փորձը։

Տաթևիկ Սարգսյանը նաև ներկայացրել է մեր երկրի անասնաբուծության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և պետական օժանդակության այն ծրագրերը, որոնցից կարող են օգտվել ծրագրի շահառուները։

Կիսվեք այս հոդվածով