Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի նրանով, որ Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում, իսկ ռուսական զորքերի կողմից օկուպացված շրջաններում կրկնակի հանրաքվեներ կանցկացվեն, այս անգամ ՄԱԿ-ի հսկողության ներքո։ Twitter-ում նման գրառում է արել ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը:
«Մեծ հավանականությամբ այդպես էլ ի վերջո լինելու է ելքը։ Հարցը կայանում է միայն նրանում, թե ինչքան մարդիկ կզոհվեն մինչ այդ»,-գրել է նա։
Մասկը թվիթին կցել է հարցում՝ երկու հնարավոր պատասխաններով՝ «Այո» և «Ոչ»։ Երևանի ժամանակով 10:23-ի դրությամբ օգտատերերի 39.4 %-ը համաձայնել է նրա փաստարկներին, իսկ 60.6 %-ը չի աջակցել դրանց։
Նշենք, որ Forbes-ի վարկածով՝ Մասկը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը։
Հիշեցնենք, Ղրիմը Ռուսաստանի կազմ է մտել 2014 թվականի հանրաքվեից հետո։ Ուկրաինան և արևմտյան երկրները չեն ճանաչել այդ արդյունքները և պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Ղրիմի սեփականության հարցը փակված է։
Սեպտեմբերի 23-ից 27-ը Զապորոժիայի և Խերսոնի շրջաններում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում անցկացվել են հանրաքվեներ։ Դրանց ավարտից հետո տեղական իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստան մուտքին աջակցել է ընտրատեղամասեր եկած ընտրողների մեծ մասը։ Սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանրապետությունների ղեկավարները և այդ շրջանների ռազմաքաղաքացիական վարչակազմերը համաձայնագրեր են ստորագրել Ռուսաստանին միանալու մասին։ Հոկտեմբերի 3-ին դրանք վավերացվել են Պետդումայի կողմից։ Հոկտեմբերի 4-ին Դաշնության խորհրդում այս հարցով նիստ կանցկացվի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում