ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի հավանականությունն անհանգստություն է առաջացնում համաշխարհային տնտեսության ապագայի համար։ Այս մասին գրում է Reuters-ը։
Փորձագետները կարծում են, որ Թրամփի նախագահությունը հղի է համաշխարհային ֆինանսական համակարգի փլուզմամբ՝ մաքսատուրքերի բարձրացման, տրիլիոնավոր դոլարների նոր պարտքերի թողարկման, կլիմայի փոփոխության դեմ պայքարից հրաժարվելու և հանածո վառելիքից էներգիայի արտադրության ավելացման պատճառով:
Ըստ Ճապոնիայի բանկի ղեկավար Կաձուո Ուեդայի՝ բոլորին անհանգստացնում է մեծ անորոշությունը, թե ով է լինելու հաջորդ նախագահը և ինչ քաղաքականություն է վարվելու։
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքն ասել է, որ ԱՄՆ-ի բյուջեի էլ ավելի մեծ դեֆիցիտը նշանակում է պարտքի աճ, իսկ պարտքի աճը՝ երկարաժամկետ տոկոսադրույքների բարձրացում: Արդյունքում դոլարի լուրջ ամրապնդման հավանականություն կա։
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային պատերազմում միայն պարտվողներ կլինեն։ Հարավաֆրիկյան Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար Լեսետյա Կգանյագոն կարծում է, որ սակագների առճակատումը կհանգեցնի գների աճի, ինչը լրջորեն կբարդացնի աճող գնաճի դեմ պայքարը։
Այս կապակցությամբ հրատարակությունը հիշեցրել է, որ Թրամփն արդեն խոստացել է տասը տոկոս մաքսատուրք մտցնել բոլոր երկրներից ներմուծման համար և 60 տոկոս մաքսատուրք՝ Չինաստանից ներմուծման համար։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հրապարակել էր նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ում գնաճի կտրուկ աճի կանխատեսումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում