Հայաստանում գործող ինֆլյուենսերները հանդիպել են Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների հետ`քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է հատկապես բլոգերների ներգրավվածությունը և դերը կամավոր հարկային կարգապահության բարձրացման գործում։ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կամավոր կարգապահությունն այլընտրանք չունի և ոլորտի բոլոր մասնակիցների համար կգործեն հավասար պայմաններ։
2024 թ․ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 44 ինֆլյուենսերների անձնական գրասենյակների էջին էլեկտրոնային եղանակով ուղարկվել են 57 ծանուցագրեր իրացման շրջանառության թերհայտարարարգրման հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ ծանուցագրում նշելով յուրաքանչյուր չփաստաթղթավորված գործարքը։
Իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում 2024 թ․ հունիսի համեմատ նշված հարկ վճարողների մասով իրացման շրջանառությունը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աճել է համապատասխանաբար՝ 119%, 41% և 101%-ով։ Ինչպես նաև 2023 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսների համեմատ՝ 2024 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ, իրացման շրջանառությունն աճել է 28%-ով կամ 153․5 մլն դրամով։