Հայաստանի ֆոնդային բորսան գործարկել է gp.minfin համակարգի թարմացված տարբերակը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին և օտարերկրյա ներդրողներին առավել պարզ և անվտանգ գնել և վաճառել ՀՀ պետական պարտատոմսեր: Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆոնդային բորսան հանդես է գալիս որպես ՀՀ ֆինանսների նախարարության՝ պետական գանձապետական պարտատոմսերի անմիջական (մանրածախ) վաճառքի համար նախատեսված gp.minfin.am առցանց հարթակի օպերատոր, և այս արդիականացումը AMX-ի շարունակական ռազմավարության մի մասն է՝ ներդրումներն ավելի պարզ, հարմար և հասանելի դարձնելու:
Համակարգում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ և բարելավումներ։ Այն ամբողջությամբ վերափոխվել է ժամանակակից, օգտագործողի համար հարմար դիզայնով, ավելացել են նոր ֆունկցիոնալ հնարավորություններ, ինչպես նաև համապատասխանացվել են միջազգային Տեղեկատվական անվտանգության պահպանման (ՏԱՊ) պահանջներին։ Նախկինում ներդրողները կարող էին գրանցվել միայն նույնականացման քարտի կամ օպերատորի միջոցով, սակայն այսուհետ, ներդրողները հնարավորություն ունեն գրանցվելու համակարգում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին գրանցվել համակարգում նույնականացման քարտով, բջջային նույնականացման քարտով, ինչպես նաև էլ․ փոստի կամ օպերատորի միջոցով։
Նոր թարմացված համակարգի միջոցով ներդրողներն արդեն հեշտությամբ կարող են հետևել հայտերի կարգավիճակներին, ներբեռնել հաշվետվությունները և փոփոխել իրենց անձնական տվյալները։ Բացի դրանից, համակարգն այժմ արտացոլում է իրական ժամանակում ԿԲ փոխարժեքները, Հայաստանի ֆոնդային բորսայի կայքից պետական պարտատոմսերի վերաբերյալ տվյալներ, որոնք հասանելի են բորսայի երկրորդային շուկայում, ինչպես նաև հասանելի է պարտատոմսի եկամտաբերության հաշվիչ՝ ներդրումային ճիշտ որոշումներ կայացնելու համար:
Օտարերկրյա ներդրողներին տարադրամի տարբերության հաշվարկն ավելի հասանելի դարձնելու նպատակով նոր համակարգում ներդրվել է նաև փոխարժեքի հաշվիչ։ Նոր թարմացումը հասանելի է երկլեզու տարբերակով (հայերեն և անգլերեն), ինչը հնարավորություն է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար հեշտությամբ գրանցվել կայքում՝ թույլ տալով նրանց համագործակցող բանկերի միջոցով դրամային հաշիվ բացել և իրականացնել գործարքներ։
gp.minfin համակարգի բարելավման և արդիականացման գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական անվտանգությանը և օգտատերերի տվյալների պահպանությանը։ Բազմաշերտ կոդավորման և անվտանգության գործընթացների շնորհիվ ներդրողների անձնական տվյալներն ու գործարքները լիարժեք պաշտպանված են։
AMX-ը հրավիրում է բոլորին բացահայտելու ներդրումների նոր հնարավորությունները: gp.minfin նորացված համակարգը դարձնում է ներդրումը պետական պարտատոմսերում ավելի պարզ և հասանելի ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Միացեք համակարգին և օգտվեք նոր համակարգի առավելություններից հենց այսօր՝ ապահով ապագա կառուցելու համար: Այցելեք gp.minfin.am, գրանցվեք և ստացեք ուղիղ հասանելիություն պետական պարտատոմսերին: Կառավարեք ձեր ֆինանսական ապագան՝ վստահությամբ և նոր թվային հնարավորություններով:
***AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում