Չինական արդյունաբերությունը կորցնում է շահույթը՝ չնայած կառավարության ջանքերին

1 Min Read

Սեպտեմբերին Չինաստանի արդյունաբերական շահույթը շարունակել է նվազել, այս անգամ ավելի կտրուկ՝ տարեկան կտրվածքով նվազելով 27,1%-ով՝ օգոստոսի 17,8%-ի համեմատ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

2024 թվականի առաջին ինն ամիսների անկումը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հասել է 3,5 տոկոսի, ինչը, ըստ Ազգային վիճակագրության բյուրոյի, բացատրվում է մի շարք գործոններով, այդ թվում՝ անցյալ տարվա բարձր բազայով։

Արդյունաբերական շահույթը գործարանների, հանքերի և կոմունալ ծառայությունների ֆինանսական հիմնական ցուցանիշն է, որը ազդում է նրանց ապագա ներդրումային որոշումների վրա:

Շահույթի աճի դանդաղումն արտացոլվում է Չինաստանի տնտեսության վրա, որի ծավալը կազմում է 18 տրիլիոն դոլար: Իշխանություններն արդեն միջոցներ են ձեռնարկել կայունացման համար: Սեպտեմբերի վերջից վարկերի տոկոսադրույքները նվազեցվել են։ Պեկինում  նոյեմբերին կկայանա  բարձրագույն օրենսդիր մարմնի հերթական նիստը, որտեղ ակնկալվում է, որ կքննարկվեն հնարավոր լրացուցիչ հարկաբյուջետային խթանները, ներառյալ տեղական կառավարության պարտքի վերաֆինանսավորումը և բանկային հատվածին աջակցելու համար պետական ​​պարտատոմսերի թողարկումը:

Շարունակվող գնանկումը բացասաբար է ազդել չինական ընկերությունների շահույթի վրա։ Արտադրողի գների ինդեքսները նվազել են 24 ամիս անընդմեջ՝ վկայելով ներքին պահանջարկի թուլության մասին։ Չնայած դրան` սեպտեմբերին արդյունաբերական արտադրությունը բարելավվել է, իսկ Չինաստանի տնտեսությունն աճել է 4,6%-ով 2024 թվականի երրորդ եռամսյակում։ Տնտեսությանն աջակցել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, որտեղ տարվա առաջին ինն ամիսներին շահույթն աճել է 6,3%-ով։

Կիսվեք այս հոդվածով