Ընդհանուր առմամբ, եթե խոսենք պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունների մասին, պետք է ասեմ, որ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, ինչը 5.4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը: 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6.6 տոկոսը, որը 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն 2024 թվականին սպասվող ծախսերի համեմատ ավելի է 0.6 տոկոսային կետով: Այս մասին հոկտեմբերի 28-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Այստեղ էական է նաեւ նշել, որ ծախսերի 55.8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին: Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664.7 մլրդ դրամ, ինչը 20 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը: Արդյունքում` պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը եւ 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0.7 տոկոսային կետով»,- մանրամասնել է նախարարը:
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ, ինչը 13.9 տոկոսով կգերազանցի ընթացիկ տարվա սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը: Նախարարը հայտնել է, որ թեեւ այստեղ աճ կա, բայց այն բազային ցուցանիշների աճի հետեւանքով է, այսինքն` աճի հետեւանքով այստեղ որեւէ էական քաղաքականության փոփոխություն տեղի չի ունենում: Արդյունքում` սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 8.2 տոկոսը եւ ավելի կլինեն 0.6 տոկոսային կետով:
Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կկազմեն 300 մլրդ դրամ, ինչը 4.5 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված կրթության ոլորտի ծախսերը եւ կկազմի ՀՆԱ-ի 2.7 տոկոսը, ինչը նույն մակարդակն է, ինչը 2024 թվականի համեմատ:
Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը կկազմեն 13.5 մլրդ դրամ, ինչը 37.6 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը: Ծախսերի ավելացումը պայմանավորված է Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) էկոպարեկային ծառայության հիմնադրմամբ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը կկազմեն 47.5 մլրդ դրամ, ինչը 89 տոկոսով կգերազանցի ընթացիկ տարվա ծախսերը:
Նախարարն այնուհետեւ անդրադարձել է միջազգային տնտեսական զարգացումներին, պարենի միջազգային գներին, ներմուծման եւ արտահանման ծավալներին, մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշին, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվին եւ այլն:
2025 թվականին ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ: 2024 թվականին սպասվում է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ 2026-2027 թվականներին` միջինում 5.5 տոկոս տնտեսական աճ: Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ այս աճի պայմաններում Կառավարությունը կկատարի իր ծրագրային դրույթը եւ 2021-2026 թվականներին միջինում կապահովի 7 տոկոս տնտեսական աճի թիրախը:
Բյուջեի պակասուրդը, պայմանավորված որոշ ծախսերի առաջ բերմամբ, կլինի 5.5 տոկոս: Այն այնուհետեւ` միջնաժամկետ հատվածում, կհասնի 3 տոկոսի: Կառավարության պարտքը կաճի մինչեւ 53.5 տոկոս, այնուհետեւ միջնաժամկետով կբալանսավորվի 54.6 տոկոսի մոտակայքում:
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի ավարտին կհասնի 25 տոկոսի, եւ հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 759 մլրդ դրամ: Այս տարվա եկամուտները 2 տրիլիոն 613 մլրդի փոխարեն կլինեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ:
2025 թվականի ընթացիկ ծախսերը 2024 թվականի 24.1 տոկոսի համեմատ կաճեն 24.9 տոկոսով:
Նախարարի խոսքով պետական բյուջեի ծախսերը 2025 թվականին կլինեն 3 տրիլիոն 482 մլրդ դրամ, եկամուտները` 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, դեֆիցիտը` 609 մլրդ դրամ:
«2024 թվականի համեմատ մենք ունենալու ենք 275 մլրդ դրամ ավելի ծախսելու հնարավորություն: Այստեղ ընթացիկ ծախսերն ավելանալու են 238 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը` 38 մլրդ դրամով»,- հստակեցրել է զեկուցողը:
Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում