Վրաստանի գինեգործարանները 2024-ի ընթացքում վերամշակել են ռեկորդային քանակությամբ խաղող՝ մինչև 320 հազար տոննա․ կառավարության նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանում աշնանը Կախեթիի շրջանից սկսվող խաղողի բերքահավաքը, որը շարունակվում է հայտնի Խվանչկարայի հայրենիքում՝ Ռաչայում, ապա Լեչխումում, ավարտվել է։ Ավելի քան 20 հազար ֆերմերներ վաճառել են իրենց խաղողը` վաստակելով մինչև 450 մլն լարի։
« Մենք գրանցեցինք ռեկորդային, աննախադեպ արդյունքներ։ Վերամշակվել է ռեկորդային քանակություն՝ մինչև 320 հազար տոննա խաղող, ինչը մոտավորապես 45%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից», – ասել է Կոբախիձեն։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում խաղողի ստացման գործընթացում ներգրավված է եղել 600 ընկերություն՝ և՛ խոշոր գինի արտադրողներ, և՛ միջին ու փոքր մառաններ, ինչը նույնպես շատ կարևոր է, ասաց նա։
«2024 թվականի բերքահավաքը նույնպես բարձրորակ էր, ինչն արժե առանձին նշել, մասնավոր գինեգործական ոլորտը կենտրոնացած էր որակյալ խաղողի մթերման վրա, և, հետևաբար, ընթացիկ տարվա բերքի գինիները կլինեն աչքի ընկնող, բազմազան և առանձնահատուկ որակի»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ գինեգործությունը Վրաստանի տնտեսության հատկապես կարևոր ոլորտ է, որի զարգացումն ուղղակիորեն կապված է ընդհանուր առմամբ վրացական գյուղերի հզորացման հետ, և այդ ուղղությամբ պետության հոգածությունը կշարունակվի նաև ապագայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում