ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 25-ի նիստում ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«Անհրաժեշտ է արձանագրել, որ Իրանը Մերձավոր Արևելքի խոշորագույն տնտեսություններից մեկն է ու Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող երկիր և հարավային ուղղությամբ առևտրի առանցքային տարր է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ երկրների համար»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ ժամանակավոր համաձայնագրի կնքումը թույլ է տվել շեշտակի ավելացնել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը: Եթե այն մինչ այդ մոտավորապես 2.4 մլրդ դոլար էր, ապա այժմ գերազանցել է 5.2 մլրդ դոլարը։