Բնական գազի եվրոպական շուկայում Ռուսաստանի մասնաբաժինը տարեսկզբից աճել է մինչև 20%: 2023 թվականին այս ցուցանիշը կազմում էր ընդամենը 15%, իսկ մինչ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկը՝ 45%։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Եվրոպան մոտ ապագայում չի կարողանա հրաժարվել ռուսական գազից. այս մասին գրում է Bloomberg-ը։
Ռուսական գազը Եվրոպա է հասնում երեք հիմնական ճանապարհով՝ Ուկրաինայի տարածքով` Սլովակիա, Թուրքիայի տարածքով՝ Բուլղարիա և հեղուկացված բնական գազի (LNG) տեսքով։ Ուկրաինական խողովակաշարը մեծ նշանակություն ունի Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, հատկապես` Սլովակիայի և Ավստրիայի համար։
Այս տարվա սկզբին Ավստրիայի կառավարությունը նախազգուշացրել էր իր էներգետիկ անվտանգությանը սպառնացող «մեծ ռիսկի» մասին, եթե այս ճանապարհով մատակարարումները դադարեցվեն: Իսկ Ավստրիան ներկայումս իր գազի 80%-ը ներկրում է Ռուսաստանից։ Բացի այդ, ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իսպանիա հասել է ռեկորդային մակարդակի, ընդ որում` այս տարի Մոսկվային բաժին է ընկնում միջերկրածովյան բնական գազի ներմուծման 23%-ը:
Եվրոպական կառավարությունները սկսել են ակտիվ քննարկել Ռուսաստանից կատարվող գազի մատակարարումներից կախվածության հարցը՝ հատկապես Ուկրաինայի տարածքով խողովակաշարով մատակարարումների պայմանագրի ավարտվելուն` 2025 թվականի հունվարի 1-ին ընդառաջ: Եվրոպայում գազի գներն արդեն գերազանցել են 40 եվրոն` մեկ մեգավատ/ժամի դիմաց, ինչը ամենաբարձրն է վերջին 10 ամսվա ընթացքում և 77%-ով գերազանցում է փետրվարին ձեռք բերված նվազագույն մակարդակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում