Վրաստանը կունենա ռադիոքաղաք

1 Min Read

Թբիլիսիի ծայրամասում ավարտին է հասնում «Ռադիո Սիթի»-ի կառուցման առաջին փուլը:

Այս նախագիծը 2017 թվականի նախընտրական խոստումներից մեկն է, իրականացնում է մայրաքաղաքի քաղաքապետարանը։ «Ռադիո Սիթի»-ի տարածքը զբաղեցնում է 12 հեկտար, ծրագրում ընդհանուր ներդրումները կազմում են մինչև 90 մլն լարի, որից 43 մլն լարին արդեն հատկացվել է։

«Մենք պայմանագիր ենք կնքել, որով նախկին ռադիոգործարանի տարածքը փոխանցվել է ընկերությանը, ինչի համար վճարվել է ավելի քան 23 միլիոն լարի, իհարկե, ընկերությունը պարտավորություններ ունի, թե ինչ պետք է անել և ինչ ծրագիր իրականացնել», – ասաց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Քաղաքապետի խոսքով՝ նախագծի յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ դրա իրականացումը Թբիլիսիի ծայրամասում կստեղծի գրավչության հետաքրքիր կենտրոն և նորարարական տարածք։
Կալաձեն խոսել է նաև նախագծով ընձեռված բիզնեսի զարգացման և զբաղվածության նոր հնարավորությունների մասին։
«Ռադիո Սիթին» կմիավորի ավելի քան 10 արդյունաբերություն, ավելի քան 35 ոլորտներ և կաջակցի ավելի քան 200 տեսակի տնտեսական գործունեության, ինչը բազմաթիվ հնարավորություններ կստեղծի առաջին հերթին տեղի բնակիչների համար։

Բացի այդ «Ռադիո Սիթին» կդառնա տեխնոլոգիական ստարտափների, կրթական ծրագրերի, տեխնոլոգիական ընկերությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների հավաքատեղի։ Ծրագրի իրականացումը կհեշտացնի գիտելիքների փոխանակումը և նոր կապերը տարբեր ոլորտների մասնագետների միջև:
Տարածքն արդեն համալրվել է ընդհանուր աշխատանքային տարածքով, ռեստորանով և պադել թենիսի կորտերով։ Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2025 թվականի վերջ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով