ԱՄՀ-ի կանխատեսումներն Եվրամիության տնտեսության վերաբերյալ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն ներկայացրել է իր հոկտեմբերյան կանխատեսումները համաշխարհային տնտեսության վերաբերյալ, որոնք, ցավոք, այնքան էլ ոգևորիչ չեն։ Մասնավորապես, ԱՄՀ կանխատեսումները ցույց են տալիս, որ Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը 2024-2029թթ. ժամանակահատվածում դանդաղելու են։

Անշուշտ, այս գործընթացը թողնելու է իր հետևանքները բոլոր երկրների վրա և հատկապես մեծ հարված է հասցնելու ցածր եկամուտներով երկրներին։ Մեր վերլուծություններով կանդրադառնանք այս կանխատեսումներին Հայաստանի շահերի կենտրոն համարվող հիմնական տարածաշրջաններում։

Այս համատեքստում սկսենք Եվրամիությունից, որին այդպես ձգտում են ՀՀ  ներկայիս իշխանությունները՝ հայտարարելով, որ Հայաստանն այնքան մոտ կգտնվի Եվրամիությանը, որքանով որ հնարավոր համարի հենց միությունը։

Եվրամիությունն իր ձևավորումից ի վեր ապրում է ամենաբարդ ժամանակահատվածը. ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մի կողմից մսխվում են միլիարդավոր եվրոների հասնող եվրոպացի հարկատուների գումարները, մյուս կողմից Եվրամությունը զրկվում է էժան ռեսուրսներ ստանալու հեռանկարներից, ինչի արդյունքում միության տնտեսությունը կորցնում է իր մրցունակությունը։ Բացի այդ՝ Եվրամիության գերխնդիրներից է նաև պատերազմների հետևանքով մասսայական միգրացիոն հոսքերի կառավարումը, որը ներկայիս պայմաններում չափազանց բարդ է։

Այս իրավիճակում ԱՄՀ-ն կատարում է հետևյալ կանխատեսումները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Եվրամիության տնտեսական աճը 2024թ 2023թ համեմատ մի փոքր արագանալու է՝ հաստատվելով 1․12% մակարդակում։ Այս ցածր տեմպերով աճը շարունակվելու է մինչև 2026թ․՝ հասնելով 1․75% մակարդակին։ Այնուհետև նորից աճի տեմպերը դանդաղելու են։

Եվրամիությունում գների աճը դանդաղելու է։ Այսպես, 2024թ․ 12-ամսյա գնաճը հաստատվելու է մոտ 2․4% մակարդակում։ Այնուհետև գնաճը շարունակելու է դանդաղել՝ 2029թ․ հասնելով մոտ 2% մակարդակին։

Հակառակ գործընթացներն են դիտվելու պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության մասով։ 2024թ․ այդ հարաբերակցությունը հասնելու է 82․74% մակարդակին։ Այնուհետև կանխատեսվում է կայուն աճ։ Պետական պարտք/ՀՆԱ հաաբերակցությունը 2025թ․ կանխատեսվում է 83․19%, 2026թ․՝ 83․41% և 2029թ․՝ 83․86% մակարդակներում։

Հավելենք, որ այս կանխատեսումները դիտվելու են որոշակի միջավայրի պայմաններում։ Եվ Եվրոպայում իրավիճակի կտրուկ վատթարացման պարագայում կարող են դիտվել հակառակ գործընթացներ։ Հույս ունենանք, որ ներկա դրությամբ կատարված կանխատեսումները կարդարացվեն, իսկ ապագայում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների գլոբալ բարելավման պարագայում կանխատեսումները կվերանայվեն առավել դրական միտումներով։

Կիսվեք այս հոդվածով