ՀՀ բանկային համակարգում դիտվող գործընթացները հսկայական ազդեցություն են թողնում երկրի ֆինանսական կայունության վրա։ Վերջինիս ապահովման գործում կարևոր է բանկային համակարգի հետևյալ առանցքային ցուցանիշների վարքագծի ուսումնասիրությունը․
ԿԲ վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ առևտրային բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի հարաբերությունը ռիսկով կշռված ակտիվներին 2024թ․ օգոստոսին կազմել է 20․34%։ Վերջինս 2023թ․ օգոստոսի համեմատ աճել է 0․5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․3%-ով։
Հաջորդ ցուցանիշն առաջին մակարդակի կապիտալի հարաբերությունն է ռիսկով կշռված ակտիվներին։ Վերջինս 2024թ․ օգոստոսին հաստատվել է 18․43% մակարդակում՝ 2023թ․ օգոստոսի համեմատ աճելով 1․7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․4%-ով։
2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ չաշխատող վարկերի հարաբերությունը ընդհանուր վարկերին նվազել է շուրջ 54%-ով՝ կազմելով 1․3%։ Վերջինս 2024թ․ հուլիսի համեմատ աճել է 2․5%-ով։
ՀՀ առևտրային բանկերի շահութաբերությունն ըստ ակտիվների 2024թ․ օգոստոսին կազմել է 4․6%՝ 2023թ․ օգոստոսի համեմատ աճել է 48․3%-ով: Իսկ շահութաբերությունն ըստ կապիտալի 2024թ․ օգոստոսին կազմել է 29․3%՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 45․5%-ով։ Ավելին, 2024թ․ օգոստոսին հուլիսի համեմատ շահութաբերությունն ըստ ակտիվների աճել է 3%-ով, իսկ շահութաբերությունն ըստ կապիտալի՝ 2․5%-ով։
ՀՀ բանկերի հիմնական հաշվեկշռային ցուցանիշների դինամիկան. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Անդրադառնանք նաև բարձր իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ, ինչպես նաև բարձր իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ ցուցանիշներին։
2024թ․ օգոստոսին բարձր իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ հարաբերակցության մակարդակը կազմել է 33․24%, իսկ բարձր իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ հարաբերակցության մակարդակը՝ 92․92%։ Նկատենք, որ բարձր իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ հարաբերակցության մակարդակը 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ նվազել է 4․8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել է 1․4%-ով։
Ինչպես նաև, 2024թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բարձր իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ հարաբերակցության մակարդակը նվազել է 7․6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել է 1․5%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում