Եվրոպական միությունը շարունակում է պայքարել արտաքին և ներքին լուրջ ցնցումների դեմ: Չնայած տարվող պայքարին` այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում չի կանխատեսվում: Ընդհակառակը, տնտեսական առանցքային ցուցանիշների վատթարացումն է’լ ավելի է մեծացնում ներքին խնդիրների սրացումը:
Ռուս-ուկրաինական հակամարտությունը հիմնովին կարող է քանդել ԵՄ երկար տարիներ կազմավորած տնտեսական խճանկարը: Փաստացի ԵՄ-ն զրկվում է ռուսական էժան ռեսուրսներից, որը մեծ ծանրաբեռնվածություն կստեղծի միության տնտեսությունների վրա: Իրավիճակն է’լ ավելի սրվեց, երբ պայթեցվեց Հյուսիսային հոսք գազատարը, որը մեծածավալ գազ էր մատակարարում Եվրոպային:
Շրջանառվում են լուրեր, որ խնդիրներ են առկա նաև Հարավային հոսքի մասով: Իրավիճակը շարունակում է սրվել ՌԴ գործողություններով՝ մասնավորապես Ուկրաինայի Զապորոժիեի, Խերսոնի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերի ներառումը ՌԴ կազմի մեջ:
ԵՄ-ում տնտեսական իրավիճակի սրումն առաջին հերթին սկսվում է միության առաջատար տնտեսություններում իրավիճակի փոփոխությամբ.
Գծապատկեր 1. Եվրամիության առաջատար 5 տնտեսությունները 2021թ.-ի դրությամբ
2021թ.-ի դրությամբ ԵՄ-ում առաջատար 5 տնտեսություններն են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Լեհաստանը: Վերջիններս դասավորված են` ըստ ՀՆԱ-ի ծավալների մեծության: Հնգյակը գլխավորում է Գերմանիան, որի ՀՆԱ-ն 2021թ.-ին կազմել է $3,214 մլրդ: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Ֆրանսիան և Իտալիան ՀՆԱ-ի համապատասխանաբար $2,245 մլրդ և $1,811 մլրդ մակարդակներով: Ցուցակը եզրափակում է Լեհաստանը, որի ՀՆԱ-ն կազմել է $953 մլրդ:
Վերը նշված ԵՄ առաջատար տնտեսություններում ստեղծված լարված իրավիճակի առաջին ազդեցություններից մեկը նկատում ենք երկրներում գնաճի մակարդակի կտրուկ աճով.
Գծապատկեր 2. Գնաճը Եվրամիության առաջատար 5 տնտեսություններում 2022թ.-ի օգոստոսին
Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 2-ից, ԵՄ առաջատար տնտեսություններից միայն Ֆրանսիան է ցուցանիշով բավականին հետ երկնիշ գնաճի սահմաններից: Մասնավորապես, 2022թ.-ի օգոստոսին գնաճը Ֆրանսիայում կազմել է 6.6%, որը ևս բավականին բարձր է և իր մեջ ներառում է ներկայիս ճնշումների ազդեցությունը:
ԵՄ առաջատար տնտեսություններից միայն Իսպանիայում և Լեհաստանում է գնաճն անցել երկնիշ հոգեբանական շեմը, որի արդյունքում ունենք գնաճի համապատասխանաբար 10.5% և 14.8% մակարդակները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում