Այն, որ ՀՀ տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից է ընկերությունների և անհատների վարկավորումը, բոլորիս էլ հայտնի է։ Մարդիկ սպառողական վարկեր են վերցնում, որպեսզի հոգան իրենց կարիքները, բիզնեսը վարկեր է վերցնում որպեսզի կարողանա գոյատևել։ Կարճ ասած՝ տեղի է ունենում գումարների շարունակական տեղաշարժ, որի հիմքում են առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկերը։
Վարկային այս ծանր բեռի տակ հայտնվածները շատ հաճախ վճարունակության խնդիրներ են ունենում։
Պարզվում է՝ 2024թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ՝ ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկառուների թվաքանակը կազմում է շուրջ 862 հզր մարդ։ Նկատենք, որ սպառողական և այլ վարկեր ունեցող ֆիզիկական անձանց թվաքանակը կազմում է մոտ 843 հզր մարդ, իսկ հիփոթեքային վարկեր ունեցող ֆիզիկական անձանց թվաքանակը՝ 69 հզր մարդ։
Ընդ որում՝ վարկառուների ծավալներն ըստ սեռի բաշխված են հավասարաչափ․ տղամարդիկ՝ 51% և կանայք՝ 49%։
Միայն հիփոթեքային վարկեր ունեցող ֆիզիկական անձանց դեպքում է, որ տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 67%, իսկ կանանցը՝ ընդամենը 33%։