«Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2009 թվականներին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (այսուհետ՝ ՀԿ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, 2008 թվականի հուլիսի 3-ին՝ որպես ֆիզիկական անձ, պայմանագիր է կնքել ինքն իր հետ՝ այսինքն նույն հասարակական կազմակերպության նախագահի հետ, և 1 տարի 6 ամիս ժամկետով անհատույց փոխառությամբ ՀԿ-ին է տրամադրել 32 մլն 700 հազար դրամ: Հետագայում Ա.Գ.-ն ամբողջությամբ ստացել է իր կողմից ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը, ինչպես նաև հավելյալ՝ 15 մլն 300 հազար դրամ: Այնուհետև Ա.Գ.-ն, լինելով արդեն ՀԿ փոխնախագահ, ունենալով մտերիմ հարաբերություններ գործող նախագահ Մ.Հ.-ի հետ, թաքցրել է իր կողմից ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը հետ ստացած լինելու հանգամանքը, և ՀԿ-ից գումարը բռնագանձելու նպատակով հայցադիմում է ներկայացրել դատարան:
«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախագահ Մ.Հ.-ն, տեղյակ լինելով, որ Ա.Գ.-ին ամբողջությամբ վճարվել է ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը, այդ հանգամանքը հաստատող հաշվապահական փաստաթղթերը քաղաքացիական գործի շրջանակում դատարան ներկայացնելու, հայցի դեմ առարկելու և կազմակերպության օրինական շահերը պաշտպանելու փոխարեն, 2020 թվականի նոյեմբերի 13-ին, նշված հայցի շրջանակներում, հաշտության գրավոր համաձայնություն է կնքել Ա.Գ.-ի հետ: Հաշտության համաձայնությամբ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ն ընդունել է Ա.Գ.-ի նկատմամբ 32 մլն 700 հազար դրամ պարտք ունենալու հանգամանքը և պարտավորվել նշված գումարը նրան վերադարձնել մինչև 2026 թվականը:
Ա.Գ.-ն, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ից իր բանկային հաշվեհամարին կատարված փոխանցումների միջոցով ստացել և խաբեության եղանակով հափշտակել է 32 մլն 700 հազար դրամից 15 մլն 870 հազար դրամը:
Դատախազը 2024 թվականի հուլիսի 22-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին նախագահ Ա.Գ.-ի և ներկա նախագահ Մ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն):
Մ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված է պաշտոնավարման կասեցումը: Ա.Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (առաջիկայում դատախազի կողմից ներկայացվելու է վերաքննիչ բողոք)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: