Շրջանաձև տնտեսության զարգացման և նորարար գաղափարների աջակցման նպատակով Հայաստանում առաջին անգամ անցկացվեց շրջանաձև տնտեսության թեմայով հեքեթոն։ «Circulathon»-ը հոկտեմբերի 19-ին և 20-ին մի հարկի տակ էր հավաքել 80-ից ավելի մասնակիցների, ովքեր եկել էին Հայաստանը դեպի շրջանաձև տնտեսություն տանող իրենց գաղափարներով և ազդեցիկ լուծումների նախագծերով։
Երկօրյա հեքեթոնի մասնակիցներն ուսանողներ էին, նորարարներ, հետազոտողներ, ձեռնարկատերեր, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ, ովքեր իրենց գաղափարներով ու նորարարական լուծումներով կարող են նպաստել Հայաստանում թափոնների կրճատմանը, ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, կայուն արտադրությանը և բնապահպանական մի շարք խնդիրների հաղթահարմանը: Այն կազմակերպվել էր «CirculUP!» ծրագրի շրջանակում՝ Իմփաքթ Հաբ Երևանի, Impact Hub Network-ի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Միջոցառման բացմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարություններ վարչության պետ Էդգար Հակոբյանը, ոլորտի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ։ «Այս ծրագիրը մեզ համար կարևոր է, որովհետև շրջանաձև տնտեսությունը Հայաստանի համար կարևոր ուղղություն է։ Տեսնում ենք՝ Եվրոպայում ինչքան արագ է այն զարգանում, իսկ Հայաստանում դեռ առաջին քայլերն են արվում։ Այսօր մարդիկ գնում են ապրանքները, օգտագործում ու դեն նետում, իսկ շրջանաձև տնտեսությունը այն լուծումն է, որը կարող է երկարացնել ապրանքների կյանքն ու պահպանել բնությունը։ Վստահ ենք այդ լուծումները Հայաստանում էլ են կյանքի կոչվելու»,- նշեց Ֆրենկ Հեսսը։
«Circulathon»-ի կազմակերպիչները մասնակիցների համար ստեղծել էին սեփական գաղափարները զարգացնելու կենդանի միջավայր՝ իր բազմապիսի գործիքներով․ թեմատիկ սեսսիաներ, մասնագիտական խորհրդատվություն, խմբային քննարկումներ, ոլորտային փորձագետների հետ աշխատանք։ Երկու ինտենսիվ աշխատանքային օրերի ընթացքում մենթորական աջակցության շրջանակում մասնակիցներին իրենց մասնագիտական փորձն ու հմտություններն են փոխանցել Հայաստանի շրջանաձև տնտեսության կոալիցիայի անդամները, ովքեր ֆինանսական, ֆոնդահայթհայթման, թափոնների կառավարման, ռազմավարությունների մշակման, նախագծերի կառավարման, բնապահպանական նախագծերի մշակման ու կառավարման և այլ ոլորտների առաջատար մասնագետներ են։
«CirculUP-ը բազմաշերտ ծրագիր է․ մինչ այժմ մենք արդեն ստեղծել ենք շրջանաձև տնտեսության կոալիցիա, որը ծրագրի ընթացքում ստացված արդյունքների ու ռեսուրսների հետագա զարգացման երաշխիքն է։ Իրականացրել ենք դասընթացներ փոքր բիզնեսի համար, թե ինչպես կարելի է գծային արժեշղթան դարձնել շրջանաձև, դրամաշնորհներ ենք հայտարարել փոքր բիզնեսի և ստարտափների հետաքրքիր գաղափարներն իրագործելու համար։ Առաջիկայում ունենալու ենք նաև իրազեկման արշավներ, որպեսզի շրջանաձև տնտեսությունը ավելի ճանաչելի լինի հանրության կողմից»,- ծրագրի գրանցած արդյունքներն է ներկայացնում Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։
«Circulathon»-ի ամփոփիչ փուլում ժյուրիին ներկայացվեց շրջանաձև տնտեսությանը նպաստող 15 բիզնես գաղափար։ Ժյուրիի անդամները դրանցից ընտրեցին լավագույն երեքը՝ առանձնացնելով այն թիմերին, որոնք հեքեթոնի ընթացքում առավել արդյունավետ ձևով էին զարգացրել իրեց նախնական գաղափարները՝ ստանալով նորարար և իրագործելի շրջանաձև բիզնես լուծումներ։ Հաղթող երեք գաղափարների հեղինակները ստացան հազար եվրոյի չափով խրախուսական մրցանակ։
«Հեքեթոնը հրաշալի միջավայր էր մեր գաղափարի ձևավորման ու զարգացման համար, այն նախ և առաջ բիզնեսի զարգացման և համագործակցության նոր շրջանակ, նոր համատեքստ էր առաջարկում՝ շրջանաձև տնտեսութունը։ Միաժամանակ միջոցառման ձևաչափը ոչ միայն հնարավորություն տվեց պոտենցիալ գործընկեր գտնելու, այլև մենթորների հետ այդ գործընկերությունը իրական բիզնես մոդելի վերածելու»,– ասում է հաղթող նախագծերից մեկի ներկայացուցիչ Մարիա Շահբազյանը, ով իր թիմով հեքեթոն էր եկել թեյի արտադրության թափոնների համար երկրորդ կյանք գտնելու նպատակով։ Գաղափարի շնորհիվ այդ թափոններն այսուհետ այլ արտադրության համար կդառնան հումք և ոչ միայն չեն վնասի բնությանը, այլև եկամտի նոր աղբյուր կդառնան։
«CirculUP!» եռամյա ծրագիրը մեկնարկել է 1.5 տարի առաջ, և դեռ շատ անելիքներ կան առջևում։ Այս օրերին ամփոփվում են ստարտափների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները, իսկ ավելի ուշ նախատեսվում է նաև անցկացնել հանրային իրազեկման նախագծերի բաց մրցույթ, որի նպատակն է բարձրացնել շրջանաձև տնտեսության մասին բիզնես համայնքի և հանրային լայն շրջանակների իրազեկվածության մակարդակը։
***Շրջանաձև տնտեսությունը տնտեսական մոդել է, որի հիմքում ընկած է արդեն իսկ օգտագործված իրերին երկրորդ կյանք տալը՝ թույլ չտալով, որ դրանք վերածվեն թափոնների և վնասեն բնությունը։ Այս մոդելի կիրառման պարագայում ապրանքներն ու նյութերը շրջանառության մեջ են պահվում վերաօգտագործման, վերանորոգման, վերամշակման և կոմպոստացման միջոցով: Այժմ աշխարհն ընթանում է գծային տնտեսության ուղղությամբ, այսինքն՝ ապրանքն օգտագործվելուց հետո վերածվում է թափոնի։ Այնինչ արդեն կան երկրներ, որոնք զարկ են տալիս վերամշակող արդյունաբերությանը։ Դա նպաստում է տարբեր իրերի՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ վերաշրջանառությանը՝ դրանով թեթևացնելով Երկիր մոլորակի բեռը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում