ՀՀ 18 բանկերը զգալի ազդեցություն ունեն տնտեսության վրա։ Դրանցից յուրաքանչյուրը փորձում է իր առանձնահատուկ պրոդուկտները մատուցել հանրությանը։ Պատահական չէ, որ ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալների շուրջ 31%-ը 2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում պատկանում է ֆինանսական և ապահովագրական գործունեությանը, որի առանցքային կողմերից են հանդիսանում առևտրային բանկերը։ Վերջիններիս նկատմամբ վստահության աճը կարևոր հանգամանք է բանկային համակարգի հետագա զարգացման տեսանկյունից։
ՀՀ բանկային համակարգում իրավիճակը շարունակում է կայուն մնալ` չնայած այն հանգամանքին, որ դեռևս ամիսներ առաջ տեղի ունեցան տեղաշարժեր։ Մի կողմից, Վրաստանում գործող խոշոր բանկը դարձավ ՀՀ խոշոր բանկերից մեկի սեփականատերը, իսկ հայտնի անգլիական բանկը լքեց Հայաստանը՝ վաճառելով իր ակտիվները հայկական մեկ այլ խոշոր բանկի։
Ի՞նչ ցուցանիշներ են գրանցել հայաստանյան բանկերը և ինչքա՞ն շահույթ են ապահովել
Վերադառալով ՀՀ առևտրային բանկերի գործունեությանը` ուսումնասիրենք բանկերի հիմնական հաշվեկշռային ցուցանիշների դինամիկան 2024թ․ վերջին 8 ամիսներին․
ՀՀ ԿԲ տվյալները փաստում են, որ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր ակտիվների ծավալները 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ աճել են մոտ 15%-ով կազմելով՝ մոտ Դ 9․8 տրլն։ Վերջինս նախորդ ամսվա համեմատ ավելացել է 1․5%-ով։
Նկատենք, որ առևտրային բանկերի ընդհանուր ակտիվների ծավալների աճը 2024թ․ հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմում էր 8․8%։
ՀՀ առևտրային բանկերի մասով մյուս առանցքային ցուցանիշը բանկերի ընդհանուր պարտավորությունների ծավալներն են, որոնք 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ աճել են մոտ 14%-ով՝ հաստատվելով մոտ Դ 8․2 տրլն մակարդակում։ Այս ծավալները նախորդ ամսվա համեմատ ավելացել են 1․3%-ով։
Հարկ է նշել, որ առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունների ծավալների աճը 2024թ․ հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմում էր 8․6%։
Եվ վերջում անդրադառնանք ՀՀ առևտրային բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալի ծավալներին։ Վերջինս 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ աճել է մոտ 19%-ով՝ կազմելով մոտ Դ 1․6 տրլն։ Վերջինս նախորդ ամսվա համեմատ ավելացել է 2․4%-ով։
Հավելենք, որ առևտրային բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալի ծավալների աճը 2024թ․ հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմում էր ուղիղ 10%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում