Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է։ Նա ծանոթացել է 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող մարզում իրականացվող ծրագրերին:
Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանին նախ ներկայացվել են Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է: Ծրագրի առաջին փուլի բյուջեն կազմում է 175,000 դոլար, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի 30-ից:
Հաջորդիվ՝ վարչապետին ներկայացվել են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքները (Անիպեմզայից մինչև Շիրականավան): Պայմանագրային արժեքը շուրջ 3 մլրդ դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքները Շիրակի մարզում, մյուս մասը՝ Արագածոտնի։
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Մարալիկի կարիքների համար ձեռք բերված բազմաֆունկցիոնալ տեխնիկան: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից Կառավարությունը հատկացրել է 26 մլն դրամը: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել 1 JCB-3cx էքսկավատոր-ամբարձիչ: Միաժամանակ, Կառավարությունը համայնքի հրատապ կարիքների համար հատկացրել է 279 մլն դրամ, որի շրջանակում հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցները, Ազատության հրապարակը
Այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները: 2023թ. պետական բյուջեից հատկացվել է 223 մլն դրամ: Փաստացի ծախսվել է շուրջ 187 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար: Արթիկում Վարչապետին ներկայացվել են նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 793 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում