Իրավաբանական անձանց գործունեությունն էական նշանակություն ունի երկրի տնտեսության համար։ Տարբեր ոլորտներում իրենց ծավալած գործողություններով իրավաբանական անձինք նոր շունչ և աշխուժացում են բերում՝ նպաստելով մրցունակ տնտեսության ձևավորմանը։
Իրավաբանական անձինք իրենց գործունեությունն իրականացնելու համար, որպես կանոն, ձեռք են բերում անշարժ գույք՝ նպաստելով շուկայում որոշակի գործընթացների աշխուժացմանը։ Այսպես, 2024թ․ օգոստոսի դրությամբ իրավաբանական անձինք իրականացրել են անշարժ գույքի գնման 169 և վաճառքի 485 գործարք։ Այսինքն, վաճառքի գործարքները գերազանցել են գնման գործարքներին մոտ 3 անգամ։
Մյուս կողմից, 2024թ․ օգոստոսին 2023թ․ նույն ամսվա համեմատ իրավաբանական անձանց կողմից իրականացված անշարժ գույքի գնման գործարքների թվաքանակը նվազել է մոտ 15%-ով, իսկ վաճառքի գործարքների թվաքանակն աճել է մոտ 14%-ով։
Իրավաբանական անձանց ակտիվությունը մայրաքաղաքի և մարզերի անշարժ գույքի շուկայում կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերի օգնությամբ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ վաճառքի գործարքները մեծամասամբ կենտրոնացված են Երևանում, որտեղ 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ վաճառքի գործարքների թվաքանակն աճել է մոտ 11%-ով՝ կազմելով 363 միավոր, իսկ գնման գործարքների թվաքանակը նվազել է մոտ 29%-ով՝ կազմելով 48 միավոր։
Մարզերում գնման գործարքների մասով ակտիվ են հետևյալ մարզերը՝
- Կոտայքի՝ 36 միավոր,
- Արագածոտնի՝ 27 միավոր
- Արմավիրի՝ 19 միավոր։
Վաճառքի գործարքների թվաքանակով առաջատարներն են Կոտայքը՝ 46 միավոր, և Արմավիրը՝ 16 միավոր։ Շիրակի մարզում գնման գործարքների թվաքանակը 2024թ․ օգոտսոսին 2023թ․ օգոստոսի համեմատ չի փոխվել, իսկ վաճառքի գործարքների թվաքանակն աճել է 3 անգամ։
- Ամփոփելով՝ փաստենք, որ մարզերում իրավաբանական անձանց ակտիվությունն անշարժ գույքի շուկայում բավականին ցածր է։ Սա նշանակում է, որ մարզերում գործունեություն ծավալելու խթանները դեռևս չափազանց քիչ են և այս մասով հսկայական աշխատանք պետք է տարվի։ ՀՀ անվտանգության տեսանկյունից ռեգիոնալ զարգացումն այլընտրանք չունի։