Ինժեներները ռոբոտին սովորեցրել են չինական հնագույն ուշու մարտարվեստը, որում կարևորվում է ոչ միայն մարդու ֆիզիկական, այլև մտավոր զարգացումը։ Այս ռոբոտը Ռոչեսթերի համայնքային կենտրոնում կաշխատի տարեցների խմբի հետ: Գրում է RIT-ը։
Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները ռոբոտին սովորեցրել են տայիցուանի տեխնիկան: Սա չինական ծագման մարտարվեստ է, ուշուի տեսակներից մեկը։
Տայիցուան բաղկացած է խորեոգրաֆիկ շարժումներից, մեդիտացիայից և ճիշտ շնչառությունից: Հետազոտողները բացատրում են, որ շարժումները խթանում են դեպի ուղեղ արյան հոսքը։ Բացի այդ, ապացուցված է, որ շնչառական վարժությունները և մեդիտացիայի պրակտիկան դրական են ազդում տարեցների երկարակեցության, հիշողության պահպանման և ուղեղի այլ գործառույթների վրա:
Ռոբոտներին՝ որպես խմբի ղեկավարներ օգտագործումն ակտիվորեն զարգացող ուղղություն է, սակայն մինչ օրս հետազոտությունների մեծ մասը շարունակում է կենտրոնացած մնալ լաբորատոր փորձարկումների վրա: Փորձարարական միջավայրի սահմանափակումներից խուսափելու համար հետազոտողները նախատեսում են իրենց ռոբոտին «աշխատանքի տեղավորել» տեղական համայնքային կենտրոնում:
Մասնագետները կարծում են, որ հետազոտության կատարումը չեզոք պայմաններում կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես են մարդիկ շփվում ռոբոտների հետ և ինչպես կարող են տեխնոլոգիան օգտագործել նաև ճանաչողական խանգարումներ ունեցող մարդկանց հետ աշխատելու համար, ինչպիսիք են աուտիզմի սպեկտրի խանգարումները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում