Առանց աշխատանքի արտադրողականության բարձրացման` հնարավոր չէ սեղմ ժամկետներում ապահովել հասարակության լայն շերտերի բարեկեցության աճ։ Իսկ ինչպիսի՞ն է աշխատանքի արտադրողականությունը աշխարհի տարբեր անկյուններում։ Այս մասով Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ունի համապատասխան վիճակագրություն 2023թ․ կտրվածքով։
Աշխատանքի արտադրողականությունը չափվում է միջազգային դոլարով (Int$), հիպոթետիկ արժույթով, որն օգտագործվում է տարբեր երկրների գնողունակությունը համեմատելու համար՝ հաշվի առնելով գների տարբերությունները:
Աշխատանքի արտադրողականությունը ցույց է տալիս`1 ժամ աշխատելիս որքան ՀՆԱ է ստեղծվում։ Վերջինս արտահայտված է 2017թ․ հաստատուն գներով։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ամենաբարձր արտադրողականությունը հաստատվել է Լյուքսեմբուրգում, որտեղ 1 ժ աշխատանքը ստեղծում է $146 ՀՆԱ։ Լյուքսեմբուրգում աշխատողների արտադրողականությունը գրեթե 3 անգամ ավելի բարձր է, քան Կատարում ՝ շնորհիվ երկրի ուժեղ ֆինանսական ծառայությունների ոլորտի, որն ապահովում է զգալի քանակությամբ արտադրություն համեմատաբար ավելի քիչ աշխատուժի ներգրավմամբ:
Ուսումնասիրենք պատկերը Հայաստանում և մեր շրջապատում․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում և Վրաստանում աշխատանքի արտադրողականությունը կազմում է $21: Համեմատության համար նշենք, որ Լյուքսեմբուրգում արտադրողականությունը մոտ 7 անգամ գերազանցում է Հայաստանի և Վրաստանի արտադրողականության մակարդակներին։
Ադրբեջանում արտադրողականությունը կազմում է $16։ Ռուսաստանում և Ղազախստանում դիտվում է արտադրողականության $30 մակարդակ։
Այստեղ նկատենք, որ Հավաքական Արևմուտքին ձեռնոց նետած Ռուսաստանի ցուցանիշն էականորեն ցածր է Արևմուտքի համեմատ։
Արտադրողականության ամենացածր մակարդակը մեր կողմից բերված երկրների ցանկում դիտվել է Ղրղզստանի պարագայում՝ $7։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում