Գնաճն այն կարևոր ցուցանիշներից է, որը մշտապես գտնվում է հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում։
Հայաստանի վիճակագրական կոմիտեն արդեն ներկայացրել է Սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) փոփոխությունները եռամսյակային կտրվածքով։
2024թ․ առաջին երեք եռամսյակներում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ պահպանելով անորոշության վիճակը տնտեսությունում։
Այս մթնոլորտում տնտեսվարողները համապատասխան վարքագիծ են ցուցաբերում, որին արձագանքում են նաև գները տարբեր ոլորտներում։
2024թ․ երրորդ եռամսյակներում ՍԳԻ համապատասխան փոփոխություններին անդրադառնանք ստորև բերված գծապատկերի օգնությամբ․
2024թ․ երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գներն աճել են 1․1%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ նվազել են 1․2%-ով։ Նկատենք, որ դեռևս 2024թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ հանրապետությունում գնանկում էր, որը կազմում էր -1․2%։
Ուսումնասիրենք 2024թ․ ՍԳԻ փոփոխությունները եռամսյակային կտրվածքով`ըստ խոշոր ապրանքախմբերի․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ․ երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նվազել են 3․3%-ով։
Ոչ պարենային ապրանքների գները 2024թ․ երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել են 0․8%-ով։ 2024թ․ երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ծառայությունների գները ՀՀ-ում աճել են 1․5%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում