Ադրբեջանական մամուլը գրում է, որ այդ երկրի իշխանությունները պատրաստվում են Արցախի օկուպացված տարածքների գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալության տալ օտարերկրյա և տեղական տնտեսվարողներին։
Միաժամանակ, նախատեսվում է օկուպացրած բնակավայրերի մոտ գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը արտոնյալ պայմաններով վարձակալությամբ տրամադրել տվյալ գյուղերի և քաղաքների այժմյան բնակիչներին։
Սա միակ արտոնյալ պայմանը չէ Արցախում բիզնես հիմնել պատրաստվող ադրբեջանցիների համար։ Օկուպացրած տարածքներում արտադրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկատերերի համար հումքի ներմուծման համար սահմանվել են մաքսային և հարկային արտոնություններ։
Բացի այդ, ներդրողների հարկային բեռը թեթևացնելու համար Ադրբեջանի օկուպացրած տարածքներում գրանցված բոլոր ընկերություններին այդ երկրի կառավարությունը տրամադրում է հետևյալ արտոնությունները՝
2023 թվականի հունվարի 1-ից ազատվում են կորպորատիվ եկամտահարկից, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամտահարկից և գույքահարկից՝ տասը տարի ժամկետով։
Հարկերից ազատվում են ոչ միայն ապրանքների և ծառայությունների վաճառքից ստացված շահույթը, այլև ոչ գործառնական եկամուտը։
Օկուպացված տարածքների ձեռնարկությունների համար ապրանքների, նյութերի և հումքի ներմուծումը 10 տարի ժամկետով ազատվում է նաև ավելացված արժեքի հարկից:
Արտոնություններ են տրամադրվում նաև կոմունալ ծառայությունների համար, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու փորձեր է արվում։
Նախատեսվում է լրացուցիչ հարկային արտոնություններ տրամադրել գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող ձեռնարկատերերին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում