Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews-ի հետ:
Սսկսենք սեպտեմբերյան գնաճից: 2024 թ. օգոստոսի համեմատ սեպտեմբերին գրանցվել է ալյուրի գնի` 1.0%, սուրճի՝ 9.2 %, կարագի՝ 1.2 %, շաքարավազի ապրանքախմբում` 7.4 % գնաճ, բենզինը սեպտեմբերին թանկացավ 2.5 %-ով, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտը՝ 3.6 %-ով:
Սեպտեմբերին նվազել է զբոսաշրջիկների թիվը: Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան այցելել է 236,561 զբոսաշրջիկ՝ 24 057-ով պակաս, քան 2023թ․ սեպտեմբերին էր: Ամենաշատը Հայաստան եկել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):
Իսկ թմրամիջոցների շրջանառությունն ավելանում է: Վիճակագրական տվյալները փաստում են՝ 2023թ․ 2022թ․ համեմատ ապօրինի շրջանառությունից հայտնաբերված և առգրավված թմրամիջոցների ծավալներն աճել են 82%-ով՝ կազմելով 217,807 գրամ։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2023թ․ գոյացել է մոտ 58 մլն տոննա արտադրական թափոն։ Փաստացի՝ Հայաստանի մեկ բնակչին բաժին է ընկնում 19,688 կգ արտադրական թափոն։ Մինչդեռ Սյունիքի մարզում 1 բնակչին բաժին ընկնող թափոնների ծավալը 423,530 կգ է, քանի որ հենց այնտեղ են կենտրոնացած երկրի խոշոր հանքավայրերը։
2023-ի ամփոփված արդյունքներով՝ տարբեր երկրների կենտրոնական բանկերը ձեռք են բերել ավելի քան 1037 տոննա ոսկի, վերջին 10 տարում ամենաշատ ոսկին գնել է Ռուսաստանը՝ 1000 տ-ից ավելի: Գնած ոսկու պաշարներով ամենահարուստ երկրների եռյակում են Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան:
Եվ վերջում շաբաթվա գլխավոր թեման՝ մետրոն ու արդեն պատմություն դարձող նարնջագույն ժետոնները: Անցած 1 շաբաթում մետրոյից օգտվել է 582 622 ուղևոր, որից 341.589 ուղևորը՝ էլեկտրոնային վճարման համակարգով։ Մետրոպոլիտենը նոյեմբերի 1-ից ամբողջությամբ կանցնի վճարման էլեկտրոնային համակարգի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում