Դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքն առանց ժամանակին իրականացված գյուտերի, որոնց հիման վրա հասարակությունը ստեղծել է այն, ինչ ունենք հիմա։ Գյուտարարներն էականորեն փոխել են մարդկության զարգացման ուղին։
Հետաքրքիր է, որ գյուտարարների հայտնագործությունները հիմք են հանդիսացել նոր հայտնագործությունների համար։
Գյուտերի իրականացման համար ժամանակակից կառավարությունները հատկացնում են հսկայական ֆինանսական միջոցներ։ Վերջիններիս միջոցներով իրականցվում են տարատեսակ հետազոտություններ, փորձեր և վերլուծություններ, որոնց արդյունքում ծնվում են հեղափոխական գաղափարներ։
Ցավոք, այս գյուտերը օգտագործվում են ոչ միայն քաղաքացիական, այլ նաև ռազմական նշանակության արտադրանքների ստեղծման համար։
Նշենք, որ իրենց համապատասխան աշխատանքներն են իրականացնում նաև Հայաստանի գյուտարարները․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ․ դրությամբ Հայաստանում ստացված գյուտերի հայտերի քանակը կազմել է 112 միավոր, որը 6 միավորով պակաս է 2022թ․ արդյունքներից։
Հայտերի թվաքանակի մոտ 21%-ը պատկանում է սննդամթերքի և ծխախոտի բնագավառին։ Վերջինումս հայտերի թվաքանակը 2023թ․ 2022թ․ համեմատ աճել է մոտ 3 անգամ։
Գյուտերի հայտերի թվաքանակով երկրորդ տեղում է բժշկության և անասնաբուժության բնագավառը՝ մոտ 11% մասնաբաժնով. 2023թ․ գյուտերի հայտերի թվաքանակը 2022թ․ համեմատ նվազել է 8 միավորով։
Երրորդ հորիզոնականում է դեղամիջոցների բնագավառը, որտեղ կենտրոնացված է գյուտերի հայտերի թվաքանակի մոտ 10%-ը։
Դեղեր և դեղամիջոցներ բնագավառում 2023թ․ 2022թ․ համեմատ հայտերի թվաքանակը նվազել է 9 միավորով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում