Վարձակալության շուկան կարգավորման է գնում․ գները վերադառնում են նորմալ վիճակին․ Անդրանիկ Հարությունով

2 Min Read

Վարձակալության շուկան կարգավորման է գնում։ Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի անդամ, «Silver RIA»անշարժ գույքի գործակալության ղեկավար Անդրանիկ Հարությունովը։ 

«Նախորդ տարիներին ռուս-ուկրաինական պատերազմով ու արցախահայերի բռնի տեղահանմամբ պայմանավորված` գները բավականին բարձրացել էին, շատ մեծ պահանջարկ կար, բայց հիմա արդեն բավականին կարգավորվել է շուկան։ Գներն աստիճանաբար իջնում են։ Մի քիչ դժվար է այս շուկայի վերաբերյալ կանխատեսումներ անել, քանի որ այս վերջին տարիներին աննախադեպ իրադարձություններ եղան։ Շուկայում գլոբալ սպառնալիքներ չկան։ Եթե, օրինակ, իսրաելա-իրանական ռազմական գործողությունները հետագա ընթացք ստանան, կարող է էլի ներգաղթյալներ ունենանք, ու գները բարձրանան։ Չմոռանանք, որ մենք Իրանում հայկական համայնք ունենք, ըստ իրավիճակի՝ կարող է որոշեն գալ Հայաստան»,- նշեց Հարությունովը՝ անդրադառնալով Երևանում վարձակալության շուկային։  

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում առքուվաճառքին՝ Հարությունովի խոսքով՝ ակտիվություն կա բնակարանների առաջնային շուկայում, որը կապված է պետության կողմից բնակարանների գնման համար եկամտահարկի հետվերադարձի ծրագրի սահմանափակմամբ․ 

«Առաջնային շուկան բավականին ակտիվ է, մարդիկ շտապում են, որ հասցնեն։ 2-3 ամիս մնաց, իսկ հիփոթեքային վարկի ձևակերպումը մոտավորապես 1 ամիս է տևում։ Երկրորդային շուկայում,համեմատ նախորդ տարիների, մի փոքր ավելի պասիվ է։ Դա տրամաբանական է, քանի որ նախորդ տարիներին ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված շատ մեծ հոսք ունեինք դեպի Հայաստան․ թե՛ վարձակալության գործարքների քանակն էր ավելի շատ, թե՛ երկրորդային շուկայում գործարքները։ Եթե համեմատենք այս տարվա տվյալները մինչ ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանում եղած պատկերի հետ, ապա իրավիճակը նորմալ է»,- նշեց Հարությունովը։ 

 

Կիսվեք այս հոդվածով